Իրան-ԱՄՆ խաղաղության համաձայնագիր․ ի՞նչ է հայտնի այս պահին

Իսրայելը փորձում է խափանել Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրի ստորագրումը, պնդել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Այս համաձայնագիրը թշնամիներ ունի, և նրանց գլխին սիոնիստական ​​ռեժիմն է (նկատի է առնում Իսրայելը-խմբ․)։ Ես ավելի ուշ կբացահայտեմ սիոնիստական ​​ռեժիմի կողմից համաձայնագիրը խափանելու փորձերի մանրամասները։ Եթե մենք հիմա սկսենք խորանալ մանրամասների մեջ, դա կհանգեցնի լարվածության և կվտանգի համաձայնագրի ստորագրումը», – ասել է Արաղչին Իրանի պետական ​​հեռուստատեսության եթերում։

«Թշնամին կարծում էր, որ 12-օրյա պատերազմից հետո, 40-օրյա պատերազմի ընթացքում, կկարողանա ստիպել Իրանին կապիտուլյացիայի ենթարկվել, բայց նրանք բախվել են Իրանի ժողովրդի և զինված ուժերի քաջարի դիմադրությանը», – ասել է Արաղչին։

Նախարարը նշել է, որ հուշագիրը պարունակում է 14 հոդված, բայց դեռևս չի ստորագրվել։ Նա ասել է, որ առաջին փուլը ներառում է Իրանում և Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցում, ինչպես նաև Թեհրանի և Վաշինգտոնի կողմից փոխադարձ պարտավորություններ՝ չմիջամտելու միմյանց ներքին գործերին։

Իրանի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ Թեհրանի միջուկային ծրագրին և պատժամիջոցների վերացմանը վերաբերող հարցերը կքննարկվեն երկրորդ փուլում, որը նախատեսված է հուշագրի ստորագրումից 60 օր հետո։ Նա զգուշացրել է, որ «եթե փոխըմբռնման հուշագրում նշվածը չիրականացվի, վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունները չեն կայանա»։

Միաժամանակ, Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է կատարի հնարավոր համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները․ «Այս պարտավորությունները պետք է կատարվեն։ Ոչ մի «եթե», ոչ մի «բայց», ոչ մի արդարացում։ Առաջիկա համաձայնագրի համար այլ ճանապարհ չկա»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ակնկալում է Իրանի հետ համաձայնագիր կնքել այս շաբաթավերջին կամ երկուշաբթի օրը, իր հերթին հայտնել է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը։․ «Թրամփն ինձ ասաց՝ դեռևս հավատում է, որ Իրանի հետ համաձայնագիրը կարող է ստորագրվել այս շաբաթավերջին կամ երկուշաբթի օրը»։ Լրագրողի խոսքով՝ կարճատև հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահը նշել է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի վերջին սոցցանցային գրառումը համարում է «շատ դրական»։

Թրամփը նաև պահանջել է հրապարակային պարզաբանում իրանական լրատվամիջոցներում համաձայնագրի մանրամասների վերաբերյալ հրապարակումների վերաբերյալ, որոնք, նրա պնդմամբ, իրականությանը չեն համապատասխանում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *