
44-օրյա պատերազմից հետո այս խոսքը հնչեց ու առ այսօր մնում է՝ հայ ժողովուրդը չի պարտվել։ Ժամանակի հետ թերթ առ թերթ բացվում են դրա ընկալման շերտերը՝ ոչ միայն քաղաքական, այլ նաև հոգեբանական իմաստով։ Այսօր ևս հնչում է նույն խոսքը՝ ժողովուրդը չի պարտվե՛լ ընտրություններում։ Եթե առաջ այն կապված էր պատերազմի հետ, այսօր արդեն տեղափոխվել է քաղաքացիական կյանքի դաշտ։ Այո, ժողովուրդը չի կարողանում ամբողջացնել իր ձայնը, այո՛, նա չի կարողանում հասնել արդարության և հենց այդ անավարտության զգացումն է, որ ստեղծում է մշտական ներքին լարվածություն։
Նա հայտնվել է աշխարհաքաղաքական մի պատի, որը սեփական իշխանությունն է կանգնեցրել։ Բայց այսօր՝ ի տարբերություն 44-օրյայի, ժողովուրդը շատ բան է հասկանում։ Եթե պատերազմից հետո Շուռնուխ, Որոտան, Կիրանց, Իշխանասար էր կիսվում, ապա այսօր խոսքը տեղափոխվում է ավելի նուրբ, հոգեբանորեն զգայուն՝ մարդկանց ընկալման, վստահության և ընտրության դաշտ։ Կիսվում է մարդկանց իրար հավատալու, վստահելու դաշտը։ Ընտրության պատրանքով իշխանությունը ցույց է տալիս, որ այդ գյուղերի, տարածքների մարդիկ իրե՛նց են ընտրել, որ գյուղացին ուրախ է, որ կիսվել է իր գյուղը, տունը։ Բայց այսօր փաստեր են հայտնվում, որ այդ գյուղերում մարդիկ չեն ընտրել իշխանությանը, համաձայն չեն նրա հանձնման քաղաքականությանը, կեղծվել է իրենց ձայնը։ Տարբեր աղբյուրներից նյութեր են հրապարակվում, ու մարդիկ ընդունում են իրական փաստը՝ մենք չենք պարտվել։ Այդ գյուղերից մեկի բնակիչն ասաց՝ «ես այնքան ուրախ եմ, որ գյուղը չի ընտրել Փաշինյանին։ Չեն ընտրել նույնիսկ այն մարդիկ, որոնք թվում էր, թե նրա մարդիկ են»։
Երբ ժողովուրդը չի ընդունում իր պարտությունը, դա վերքի բուժման առաջին ճանապարհն է, հոգեբանական վերականգնման առաջին քայլը։ Վերքի բուժումը սկսվում է հենց այնտեղ, որտեղ ավարտվում է ինքնանվաստացման ընկալումը և սկսվում է իրականության վերաիմաստավորումը։ Այս տեսանկյունից գյուղերից հնչող խոսքերը, որոնք արտահայտում են չընդունված կամ վերանայված ընտրական ընկալումներ, դառնում են ոչ միայն քաղաքական հայտարարություններ, այլ նաև ինքնագնահատականի վերականգնման նշաններ։ Երբ անձը հասկանում է, որ ինքը պարտված չէ, նա պահպանում է վերականգնվելու ներքին հնարավորությունը։ Դա ինքնության, ինքնագնահատականի վերականգնման նշան է, որը խաթարել են նրա մեջ։