
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայտնում է․ «Մահացել է Վոլֆգանգ Գուստը։ Լինելով գերմանացի լրագրող, ով երկար տարիներ աշխատել է հանրահայտ «Der Spiegel» պարբերականում որպես արտաքին քաղաքականության բաժնի խմբագիր և թղթակից, հանդես է եկել նաև որպես պատմաբան և գրող՝ միջազգային ճանաչում ձեռք բերելով Հայոց ցեղասպանության և Օսմանյան կայսրության պատմության վերաբերյալ իր արժեքավոր ուսումնասիրությունների շնորհիվ։ Մեծ է նրա ավանդը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և հանրայնացման գործում։
Վոլֆգանգ Գուստը հսկայածավալ և միաժամանակ խիստ կարևոր աշխատանքներ է իրականացրել Գերմանիայի արտաքին գործերի նախարարության քաղաքական արխիվներում Հայոց ցեղասպանության թեմայի վերաբերյալ նյութերի ուսումնասիրության և դրանց հրապարակման ուղղությամբ։ Նրան մասնավորապես հաջողվել է ապացուցել, որ 1919 թվականին Յոհաննես Լեփսիուսի հրատարակած փաստաթղթերից շատերը ժամանակին ենթարկվել էին փոփոխության ու կրճատումների՝ այդպիսով թաքցնելով Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի դեմ կատարված ոճրագործության մեջ Օսմանյան կայսրության դաշնակից Գերմանիայի մեղսակցությունը։ Նրա հիմնարար աշխատությունը՝ «Հայոց ցեղասպանություն. ապացույցներ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության արխիվներից, 1915-1916» պատմավավերագրական նյութերի ժողովածու է, որը ներառում է հարյուրավոր գաղտնի դիվանագիտական հեռագրեր, զեկույցներ ու նամակներ։ Այն զգալի ազդեցություն ունեցավ 2016 թվականին Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման հարցում, քանզի անհերքելիորեն բացահայտում էր երիտթուրքական կառավարության հանցավոր մտադրությունները՝ հայ ժողովրդի լիակատար բնաջնջման ուղղությամբ։ Ուշագրավ է, որ իր կնոջ՝ Ինգրիդ Գուստի հետ միասին Վոլֆգանգ Գուստը թվայնացրել և համացանցի միջոցով հասանելի է դարձրել արխիվային կարևորագույն փաստաթղթեր, որոնք թարգմանվել են մի քանի այլ լեզուների։ Աներկբա է, որ նրա աշխատություններն ամրապնդեցին այն փաստական հիմքը, որի վրա տարիներ շարունակ զարգացան ցեղասպանության ճանաչման և դատապարտման շուրջ գերմանական հանրային ու քաղաքական քննարկումները։
Գուստն իր ծավալած գործունեության համար արժանացել է Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգևի՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անձնակազմը խորին ցավակցություն է հայտնում Վոլֆգանգ Գուստի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել և գնահատել են նրա վաստակը»։