Բունդեսբանկի ղեկավար Յոախիմ Նագելը նախազգուշացրել է, որ նույնիսկ Մերձավոր Արևելքում պատերազմի շուտափույթ ավարտի դեպքում՝ Իրանի շուրջ ստեղծված հակամարտության հետևանքները համաշխարհային տնտեսության վրա դեռ երկար կզգացվեն, գրում է Bloomberg գործակալությունը:
Deutschlandfunk ռադիոկայանին տված հարցազրույցում Նագելը նշել է, որ գների բարձր մակարդակն, ամենայն հավանականությամբ, կպահպանվի սպասվածից ավելի երկար։ Ըստ նրա՝ եթե նույնիսկ մարտերը մոտ ժամանակներս դադարեն, նախկին տնտեսական պայմաններին վերադառնալն այլևս հնարավոր չի լինի։
«Մատակարարման շղթաների փոփոխության և ռիսկերի հավելավճարների հնարավոր աճի պատճառով՝ մենք թերևս չենք կարող վերադառնալ մինչև հակամարտությունը եղած ցուցանիշներին»,— ընդգծել է Բունդեսբանկի ղեկավարը:
Նա պարզաբանել է, որ խնդիրը հիմնականում վերաբերում է Հորմուզի նեղուցով ապրանքների փոխադրման լրացուցիչ ծախսերին, քանի որ այն համաշխարհային առևտրի՝ նավթի ու այլ բեռների փոխադրման կարևորագույն երթուղիներից է։ Նագելի խոսքով՝ ապահովագրության և լոգիստիկայի թանկացումը կշարունակի ճնշել գները նույնիսկ այն ժամանակ, երբ պատերազմն արդեն ավարտված լինի: