Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասն իր պաշտոնում ավելի ու ավելի հաճախ է ենթարկվում քննադատության, իսկ Ֆրանսիայում նույնիսկ քննարկում են նրա զբաղեցրած պաշտոնի արմատական բարեփոխման տարբերակները։ Այս մասին գրում է Euronews-ը։
Քննարկումների նոր ալիքի պատճառ է դարձել ֆրանսիական իշխանությունների հետ կապված մի ոչ պաշտոնական փաստաթուղթ, որով առաջարկվում է կա՛մ ընդլայնել Կալասի լիազորությունները, կա՛մ, ընդհակառակը, էապես կրճատել դրանք՝ որոշ գործառույթներ փոխանցելով Եվրոպական հանձնաժողովին կամ ԵՄ անդամ պետություններին։
Ինքը՝ Կալասը, աշխատակիցներին ուղղված նամակում հիշեցրել է, որ իր լիազորությունները սահմանված են Եվրոպական միության պայմանագրերով և չեն կարող փոփոխվել առանց ԵՄ հիմնադիր փաստաթղթերի վերանայման։
Քննադատները նշում են, որ Կալասը շարունակում է գործել որպես Էստոնիայի նախկին վարչապետ՝ հանդես գալով այնպիսի կոշտ դիրքորոշմամբ, որին ԵՄ անդամ բոլոր 27 երկրները պատրաստ չեն աջակցել։
Դժգոհությունների տեղիք են տալիս Չինաստանի հարցում նրա դիրքորոշումը, Ուկրաինային աջակցելու նպատակով ռուսական սառեցված ակտիվներն օգտագործելու համառ կոչերը, ԱՄՆ վարչակազմի հետ լարված հարաբերությունները և ԵՄ մայրաքաղաքների հետ նախնական քննարկումներ չանցկացրած նախաձեռնությունների առաջադրումը։
Միևնույն ժամանակ, եվրոպացի դիվանագետները նշում են, որ խնդիրը շատ ավելի խորն է, քան սոսկ Կալասի անձը։ Նրանց խոսքով՝ Եվրամիության արտաքին քաղաքականության կառուցվածքն ինքնին բարդ է և մեծապես հնացած։ ԵՄ արտաքին գործերի գերագույն հանձնակատարը միաժամանակ և՛ Եվրոպական հանձնաժողովի անդամ է, և՛ ղեկավարում է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը, մինչդեռ արտաքին քաղաքականության առանցքային որոշումներն ընդունվում են բացառապես անդամ բոլոր պետությունների միաձայն համաձայնությամբ։
Որոշ դիվանագետների կարծիքով՝ հենց այս համակարգն է ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնը դարձնում գրեթե «անիրականանալի առաքելություն»՝ անկախ այն բանից, թե ով է զբաղեցնում այն։ Նրանք փաստում են, որ եվրոպական դիվանագիտության բոլոր նախկին ղեկավարները նույնպես բախվել են միևնույն սահմանափակումներին ու խնդիրներին։
Լարվածության լրացուցիչ գործոն են համարվում նաև Ռուսաստանի հարցում Արևելյան և Արևմտյան Եվրոպայի երկրների մոտեցումների տարբերությունները։ Կալասի որդեգրած կոշտ գիծը վայելում է Լեհաստանի, Մերձբալթյան և Հյուսիսային Եվրոպայի երկրների աջակցությունը, սակայն թերահավատություն է առաջացնում Արևմտյան ու Հարավային Եվրոպայի մի շարք պետություններում։
Այս ամենի ֆոնին խորանում են նաև Կալասի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի միջև տարաձայնությունները։ Մի շարք դիվանագետների կարծիքով՝ Եվրահանձնաժողովը վերջին տարիներին ավելի ու ավելի ակտիվորեն է իրեն վերապահում արտաքին քաղաքական գործառույթներ, ինչն էլ ավելի է թուլացնում ԵՄ դիվանագիտության ղեկավարի դերը։ Որոշ զրուցակիցներ նույնիսկ ենթադրում են, որ Կալասի շուրջ ընթացող ներկայիս քննարկումները Եվրամիության կառույցների միջև ազդեցության ավելի մեծ պայքարի մի մասն են։