Շվեդիան ավիացիա է կիրառել՝ Բալթիկ ծովի վրա ռուսական ռազմական ինքնաթիռների պատճառով

Բալթիկ ծովի վրայով թռչող ռուսական ռազմական ինքնաթիռների պատճառով Շվեդիան կործանիչներ է բարձրացրել երկինք։ Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը։

Շվեդական բանակի հաղորդմամբ՝ հունիսի 13-ին երկու զույգ JAS 39 Gripen կործանիչներ են ներգրավվել ռուսական երկու մարտական ինքնաթիռների որսման համար, որոնք թռիչքներ են իրականացրել Շվեդիայի օդային տարածքի մոտակայքում։

Միջադեպերը տեղի են ունեցել Բալթիկ ծովի հարավային և հյուսիսային հատվածներում։ Ընդհանուր օդային տարածքի անվտանգությունն ապահովելու նպատակով օդ են բարձրացվել նաև ՆԱՏՕ-ի ինքնաթիռները։

Շվեդիայի պաշտպանության նախարարությունից ընդգծել են, որ երկրի օդային տարածքի խախտում չի արձանագրվել։ Այդուհանդերձ, Շվեդիայի զինված ուժերի միացյալ գործողությունների պետ, փոխծովակալ Էվա Սկուգ Հասլումը հայտարարել է, որ Ռուսաստանի գործողությունները լուրջ են և պարբերական բնույթ են կրում՝ սպառնալով երկրի տարածքային ամբողջականությանն ու անվտանգությանը։

Բալթյան տարածաշրջանում լարվածությունը զգալիորեն աճել է Ուկրաինայում լայնամասշտաբ հակամարտության մեկնարկից հետո։ Հիշեցնենք, որ Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցել է 2024 թվականի մարտին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *