Շաբաթ առավոտյան Լիտվայի Վիլնյուսի շրջանում կարճ ժամանակով օդային տագնապի «դեղին» մակարդակ է հայտարարվել։ Ինչպես հայտնում է LRT-ն, պատճառն այն է, որ ռադարները ֆիքսել են մի օբյեկտ, որի բնութագրերը համընկել են անօդաչու թռչող սարքերի տվյալների հետ։
Շուտով տագնապը չեղարկվել է, և բնակիչներին տեղեկացրել են, որ կարող են վերադառնալ իրենց բնականոն կյանքին։
Լիտվայի զինված ուժերը հաստատել են, որ իրավիճակին արձագանքելու նպատակով օդ են բարձրացվել ՆԱՏՕ-ի օդային պարեկության առաքելության կործանիչները։ Սկզբում ենթադրվում էր, որ Բելառուսի կողմից երկրի օդային տարածք մտած օբյեկտը կարող է սպառնալիք ներկայացնել։
Ավելի ուշ, սակայն, իշխանությունները պարզաբանել են, որ խոսքը, ամենայն հավանականությամբ, ոչ թե անօդաչու սարքի, այլ օդերևութաբանական զոնդի մասին է։
Պաշտպանության նախարար Ռոբերտաս Կաունասի խոսքով՝ «պարզվել է, որ օբյեկտն, ամենայն հավանականությամբ, օդերևութաբանական զոնդ է, այլ ոչ թե դրոն», ինչի պատճառով էլ տագնապի ռեժիմը չեղարկվել է։ Նա նշել է, որ զինվորականների արձագանքը ստանդարտ ընթացակարգ է, քանի որ նախնական տվյալները համընկել են անօդաչու սարքի բնութագրերին։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ղեկավար Վիլմանտս Վիտկաուսկասը հայտնել է, որ նկատվել է միայն մեկ օբյեկտ, սակայն դրա ծագման անորոշության պատճառով ձեռնարկվել են արձագանքման բոլոր անհրաժեշտ միջոցները։
Նրա խոսքով՝ այս պահին իրավիճակը կայուն է, բայց քաղաքացիներին խորհուրդ է տրվում լինել զգոն, քանի որ նման օբյեկտներ կարող են հայտնվել նաև ապագայում։
Այժմ վտանգի մակարդակն իջեցվել է մինչև «սպիտակ», իրավիճակը վերահսկվում է համապատասխան ծառայությունների կողմից։