Մեզ պետք է, որ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացի շուրջ լինի «0 նյարդ»․ Փաշինյան


Քաղաքականություն


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ երկկողմ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանի՝ Եվրամիությանը անդամակցության գործընթացը պետք է ընթանա առանց ճնշումների և շանտաժի։

«Այո, մենք ընդունել ենք օրենք Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանը անդամագրվելու գործընթաց սկսելու մասին, բայց մեր ռազմավարությունը նաև այն է, որ այս պրոցեսի մեջ մենք չենք պատրաստվում շանտաժի գործիքներ կիրառել, այդ թվում՝ Եվրոպական միության նկատմամբ», -ասել է նա։

Վարչապետի խոսքով՝ Հայաստանը չի փորձելու արագացնել գործընթացը պարտադրանքի միջոցով. «Մենք չենք պատրաստվում ասել՝ մենք օրենքը ընդունել ենք, դե հիմա մյուս ամիս մեզ ընդունեք Եվրամիություն»։

Նա ընդգծել է, որ այս գործընթացի շուրջ պետք է լինի «0 նյարդ»։

«Մեզ պետք է, որ այս պրոցեսի շուրջ լինի 0 նյարդ, և դա մեզ համար հնարավորություն է իրապես համապատասխանել որպես երկիր՝ բարեփոխումների գործընթացը շարունակելով այնպես, որ մենք իսկապես համապատասխանենք Եվրոպական միության չափանիշներին»։

Փաշինյանը նշել է, որ Հայաստանի ռազմավարական նպատակը եվրոպական չափանիշներին համապատասխանող պետություն դառնալն է՝ անկախ նրանից, թե Եվրամիությունը ինչ որոշում կկայացնի անդամակցության հարցում։

«Եթե Եվրոպական միությունը կորոշի մեզ ընդունել՝ շատ լավ, եթե չընդունի՝ մենք էլի շահած դուրս կգանք, որովհետև կլինենք ժամանակակից, լավագույն ստանդարտներին համապատասխանող երկիր», – ընդգծել է նա։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *