Բայրամովը ԱՄՆ Զարգացման միջազգային ֆինանսական կորպորացիայի գլխավոր տնօրենի հետ քննարկել է TRIPP-ի իրականացումը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ Զարգացման միջազգային ֆինանսական կորպորացիայի (DFC) գլխավոր տնօրեն Բեն Բլեքը քննարկել են TRIPP նախագծի իրականացումը, որը պետք է ապահովի անխափան տրանսպորտային հաղորդակցություն Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև, հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 13-ին Բաքվում։ Տրանսպորտային նախագծերից բացի՝ կողմերը քննարկել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության զարգացման հեռանկարները էներգետիկայի, տարանցման, բարձր տեխնոլոգիաների և ներդրումների ոլորտներում։

Հաղորդագրության համաձայն՝ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև կապերի զարգացման գործում Ադրբեջանի «ռազմավարական» դերին, ինչպես նաև էներգետիկ անվտանգության և նավահանգստային ու լոգիստիկ ենթակառուցվածքների արդիականացման հարցերին։

Բանակցությունների մասնակիցները նաև նշել են 2025 թվականի Վաշինգտոնի գագաթաժողովի և դրա արդյունքներով ստորագրված Ռազմավարական գործընկերության խարտիայի նշանակությունը, որը նախատեսում է համագործակցության ընդլայնում տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտային փոխկապակցվածության, բարձր տեխնոլոգիաների և անվտանգության ոլորտներում։

Բացի այդ՝ կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային օրակարգի այլ հարցերի շուրջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *