Տասնյակ հազարավոր սևազգեստ մարդիկ. Թաիլանդը վերջին հրաժեշտը տվեց արքայադուստր Բաջրակիտիյաբհային

Թաիլանդի թագավորի ավագ դստեր մարմինը շաբաթ օրը տեղափոխվել է Բանգկոկի թագավորական պալատ՝ սգո թափորով, որն ուղեկցում էին հազարավոր սևազգեստ մարդիկ, հայտնել է AFP-ն։

Արքայադուստր Բաջրակիտիյաբհան, որը հայտնի էր նաև որպես արքայադուստր Բա, հինգշաբթի մահացել է 47 տարեկանում՝ որովայնի խոռոչի վարակից։ Ավելի վաղ նա սրտի հիվանդության պատճառով ավելի քան երեք տարի կոմայի մեջ էր գտնվում։

Հազարավոր սգավոր մարդիկ կանգնել էին Չուլալոնգկորնի հիվանդանոցից մինչև Մեծ պալատ ձգվող մոտ 10 կիլոմետրանոց երթուղու երկայնքով։ Ոստիկանությունը փակել էր ճանապարհները, իսկ Բանգկոկի կենտրոնական շրջաններում երթևեկությունը լրջորեն խաթարվել էր թագավորական շարասյան անցնելու պատճառով։

Թափորը պալատ է հասել տեղի ժամանակով ժամը մոտ 17:00-ին։ Հաղորդվել է, որ արքայադստեր մարմինը տեղափոխել են նույն ավտոմեքենայով, որը նախկինում օգտագործվել էր նրա պապի՝ 2016 թվականին մահացած թագավոր Պհումիպոն Ադուլյադետի մարմինը տեղափոխելու համար։

Պալատ հասնելուց հետո անցկացվել են բուդդայական ծեսեր և սգո արարողություններ՝ վանականների, թագավոր Մահա Վաչիրալոնգկորնի և թագուհի Սուտհիդայի մասնակցությամբ։ Պետական ծառայողները և քաղաքացիները նույնպես մասնակցել են արքայադստեր հիշատակը հարգելու ծեսերին։

Թաիլանդի կառավարությունը դեռ չի հայտարարել հուղարկավորության մանրամասները, սակայն կարգադրել է 15 օր կրել սգո հագուստ և խոնարհել պետական դրոշները։

Արքայադուստր Բաջրակիտիյաբհան դիվանագետ և իրավաբան էր, կրթություն էր ստացել Մեծ Բրիտանիայում, Թաիլանդում և ԱՄՆ-ում և տարբեր տարիների աշխատել էր դիվանագիտական կառույցներում, այդ թվում՝ Ավստրիայում դեսպանի պաշտոնում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *