
Կառավարությունը վերջին նիստում բարձրացրեց ակցիզային հարկերը, եւ շուտով շուկայում նոր թանկացումներ ենք ունենալու՝ ծխախոտը, ալկոհոլը, դիզվառելիքը, բենզինը կթանկանա:
Համապատասխան որոշման մեջ որպես նպատակ նշել են «անուղղակի հարկերի գծով հարկային բեռի բարձրացում» , «լրացուցիչ հարկային եկամուտների ապահովում, ԵՏՄ հարկային քաղաքականության և վարչարարության ոլորտներում համագործակցության շրջանակներում ակցիզային հարկերի դրույքաչափերի ներդաշնակեցումը, ակցիզային հարկի դրույքաչափերի ինդեքսավորում»:
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանի հետ վերլուծեցինք կառավարության քայլը, որին նա ընդհանուր առմամբ դեմ չէ: Նա զգուշացրեց, որ զերծ է մնում քաղաքական գնահատականներից:
– Հարկային բեռի բարձրացում՝ սա ինչ նպատակ է, տարօրինակ չէ՞:
– Հարկային քաղաքականություն ասելով, նկատի ունեն կամ հարկի բարձրացում, կամ նվազեցում, բայց աշխարհում տեղի է ունենում հիմնականում առաջինը՝ բարձրացում:
– Լրացուցիչ հարկային եկամուտների ապահովում՝ այսինքն՝ բյուջեում փող չկա, իրենք շատացնու՞մ են:
– Բյուջեում փող կա, ի՞նչ գիտեք, որ չկա: Ուղղակի լավ չի ձեւակերպված:
– Մի կողմից դուրս ենք գալիս ԵԱՏՄ-ից, մյուս կողմից ակցիզ ենք բարձրացնում, որ ներդաշնակեցնե՞նք:
-Նախ, մենք ԵԱՏՄ-ից դուրս չենք գալիս, ոնց որ ճիշտ հակառակն է գնում: Հեռանկարն անորոշ է, բայց կտրուկ խոսք չկա: Կառավարության դիրքորոշումն է, որ մենք այլընտրանքային շուկաներ գտնենք, ԵԱՏՄ-ի շուկաներից հրաժարվելը չի նսեմացնի հանրապետության դերը, կշիռը, տնտեսությունը չի տուժի, ու էդ ժամանակ դուրս կգանք, բայց թե երբ դա կլինի, գիտի միայն բարձրյալը, որը վերեւում նստած է: Ինչ մնում է ԵԱՏՄ-ին, մի նոր ուսումնասիրություն արեցինք, հարկերի ազդեցությունը ԵԱՏՄ երկրների բյուջեի եկամուտների վրա վերջին երեք տարում, ու պարզվում է, ամենացածր ազդեցությունը ԵԱՏՄ շուկան ունի մեր երկրի վրա, որովհետեւ մեր կշիռը այդ շուկայում փոքր է: Սա այն տեսանկյունից, որ ուզում ես այդ շուկայից աստիճանաբար հեռանալ, լավ է: Բնականաբար, հայացքը երկար չկտրելով դրանից, որովհետեւ այդ շուկան է, որ ապահովում է մեր հանրապետության կենսունակությունը: Երկրորդ՝ սա հնարավորություն է տալիս, որ զգուշորեն հեռանանք այդ շուկայից:
– Ակցիզային հարկի դրույքաչափերի ինդեքսավորումը ո՞րն է: Այսինքն, բարձրացնում են, բայց՝ չեն ուզում ասեն, որ բարձրացնո՞ւմ են:
– Ես կարող եմ բացատրել ենթադրաբար: Ակցիզը ոչ անհրաժեշտ ապրանքների վրա է սահմանվում, օրինակ, ծխախոտինը ես 400-500 դոլար կսահմանեի, որ ոչ ոք չծխեր: Դրա բարձրացումը գործիք է, որ հասարակության մեջ եղած անհավասարությունը հավասարակշռեն: Մենք էսօր ունենք կտրտված շուկա՝ ծայրահեղ հարուստներ ու աղքատներ, ու այդ անջրպետը ինչ-որ գործիքներով քչացնում են: Եվրասիական շուկան որոշակի զսպող ազդեցություն ունի հարկատեսակների վրա, եթե այդ շուկան չլիներ, մենք կունենայինք այդ հարկատեսակների ահռելի բարձրացում: Ինչ-որ ձեւով ԵԱՏՄ-ն կազմակերպում է եւ համամասնություններ է ստեղծում երկրների ապրանքների եւ ծառայությունների գների միջեւ, չի թողնում, որ մեկը թռչի վերեւ: Եթե ամփոփելու լինենք, վերջին 20-30 տարվա երկրների տնտեսական պատմության մեջ գների բարձրացումը կապված է ակցիզների հետ: Աշխարհում անհավասարությունը խորանում է, հարուստները ավելի են հարստանում, աղքատները ավելի են աղքատանում, ու այս բանաձեւերի դեմ մարտնչելու հիմնական ճանապարհը շքեղության ապրանքների, ծառայությունների բարձրացումն է:
– Շատ տարածված տեսակետ է, որ կառավարությունը ահռելի գերածախսեր է արել՝ քարոզարշավ, այլ ծախսեր, եւ հիմա հարկ է բարձրացնում, որ բյուջեն լրացնեն:
– Ես քաղաքական գնահատականներ չեմ տալիս, բայց համաձայն չեմ: Այս օրենքի համար լայն քննարկումներ եղան, եւ ես չեմ կարծում, որ ծախսերը այնքան շատ են եղել, որ կառավարությունը հարկ է բարձրացնում: Եթե ուշադիր եք եղել, վերջին 5 տարում կառավարությունը պարբերաբար ակցիզները վերանայում է: Իհարկե, համաձայն չեմ:
Դեմ չենք պրոֆեսոր Մարկոսյանի գիտական մոտեցմանը, բայց գտնում ենք, որ ներկայիս կառավարությանն այն վերագրելը ճոխ կլինի: Հարկ էն բարձրացնում, որովհետեւ բյուջեում փող չկա, ու բազմաթիվ տնտեսագետներ, այդ թվում՝ պրոֆեսոր Բագրատյանը զգուշացրել են, որ փող չի լինելու, օրինակ, բժշկական ապահովագրությունը շուտով չի սպասարկվելու: Հարկ բարձրացնելով՝ բյուջե են լցնում, եւ «շուստրիաբար» գտել են այնպիսի հարկատեսակ, որի բարձրացումը չի անդրադառնա առաջին անհրաժեշտության ապրանքների գների վրա՝ ակցիզային հարկը: Ակցիզային հարկի բարձրացումը որպես ինդեքսավորում ներկայացնելն ընդհանրապես անեկտդոտ է: Այդպես լիներ, նախկինում էլ ամեն անգամ հարկ բարձրացնելիս կգրեին, որ դա ինդեքսավորում է, ոչ թե բարձրացում: Հակառակը՝ այնտեղ, որտեղ պետք է ինդեքսավորել աննորմալ ինֆլացիայի հետեւանքները, նիկոլական կառավարությունը խոսում է բարձրացման մասին, ինչպես, օրինակ, թոշակների հարցում: Առանց մտահոգվելու, որ այն ողորմելի 10 հազարական դրամները, որը տվեց թոշակառուներին, աննորմալ գնաճը վաղուց արդեն խժռել է: Այսպես, մի տեղ փող են բաժանում, մյուսներից քերում են, որ անցքերը փակեն, երրորդ տեղից էլ վարկ են վերցնում, սերունդների վզի բեռն ավելացնելով:
Արտադրողի աչքը մտնելու համար կառավարության նույն որոշմամբ խթանում են մրգային օղիների արտադրությունը՝ ակցիզը՝ 33 տոկոսով իջեցնելով, իսկ կոնյակագործությունը և խաղողագործությունը խթանելու նպատակով կոնյակի ակցիզային հարկի դրույքաչափը 1 լիտրի (100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով) համար սահմանում են 4000 դրամ՝ անկախ տարիքից։ Բայց սա էլ է հեքիաթ: Ով չգիտի, որ ոչ մրգային օղիները, ոչ կոնյակը այլեւս խախտելու տեղ չունենք: Ակցիզը իջեցվում է, որ գործարանները չմեռնեն: Ռուսաստանն, ինչպես հայտտնի է, ոչ մի հայկական կոնյակ չի ընդունում, բացի Երևանի կոնյակի գործարանի արտադրանքից: