ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Իրանի հետ համաձայնագրի սպասվող ստորագրումից հետո կարող են անմիջապես վերանայվել որոշ սահմանափակումներ, այդ թվում՝ Հորմուզի նեղուցի բացումն ազատ նավարկության համար։ Նա նաև ընդգծել է, որ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում Իրանին որևէ ֆինանսական միջոցի փոխանցում նախատեսված չէ։
«Իրանի հետ գործարքի ստորագրումը նախատեսված է վաղը, և դրա ստորագրումից անմիջապես հետո Հորմուզի նեղուցը բաց կլինի բոլորի համար։ Մեր հարաբերություններն Իրանի հետ այժմ բոլորովին այլ են և ավելի կառուցողական, քան նախորդ վարչակազմերի օրոք։ Ի տարբերություն Օբամայի և նրա՝ հարյուր միլիարդավոր դոլարների վճարումների, ներառյալ 1,7 միլիարդ դոլար կանխիկի, որևէ գումար չի փոխանցվելու։ Հարմար պահին, երբ ամեն ինչ կայունանա, մենք կզբաղվենք իրանական միջուկային ծրագրով և կվերացնենք այն՝ որտեղ էլ որ գտնվի՝ Իրանում, թե ԱՄՆ-ում։ Մենք երկարաժամկետ հեռանկարում Իրանի և ողջ Մերձավոր Արևելքի հետ համագործակցության հույս ունենք։ Եթե գործընթացը չընթանա ըստ պլանի, մենք ունենք ծայրահեղ այլընտրանքներ, որոնք, հուսով եմ, երբեք պետք չեն գա», – գրել է նա Truth Social սոցցանցում։
Թրամփը ԱՄՆ ներկա մոտեցումը բնութագրել է որպես Իրանի միջուկային զենք ունենալը լիովին կանխելուն ուղղված և հայտնել է, որ նոր քաղաքականությունը ԳՀՀԾ-ի (Գործողությունների համատեղ և համապարփակ ծրագիր — խմբ.) «հակադրությունն» է, որը կնքվել էր Բարաք Օբամայի վարչակազմի օրոք։