Զենք, բիզնես, կապեր․ ո՞վ է իրականում վերահսկում պահնորդական ոլորտը Հայաստանում

Հայաստանում գործում է 100-ից ավելի պահնորդական ընկերություն, որոնք իրականացնում են ֆիզիկական պահպանություն, օբյեկտների հսկողություն, ուղեկցում, երբեմն նաև՝ անվտանգության խորհրդատվություն։

Դրանից են «Արդիան գրուպ», «Ֆոքս գրուպ», «Փրոթեքշըն», «Գարդիան» և բազմաթիվ այլ ՍՊԸ-ներ, որոնց ղեկավարնները կապվում են ուժային կառույցների նախկին կամ ներկա պաշտոնյաների հետ: Պահնորդական մեծ ընկերությունները սերտ կապեր ունեն խոշոր բիզնեսների հետ, սպասարկում են առևտրային կենտրոններ, հանքարդյունաբերական կազմակերպություններ և այլ կարևոր օբյեկտներ։

Միևնույն ժամանակ, կան նաև փոքր ընկերություններ, որոնք գործում են ավելի սահմանափակ ռեսուրսներով։ Թեև ոլորտը կարգավորվում է օրենքով, սակայն երբեմն դժվար է պարզել՝ ովքե՞ր են իրական շահառուները, ի՞նչ կապեր և ի՞նչ անցյալ ունեն նրանք։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հրազենի հետ կապված վերջին դեպքը բազմաթիվ հարցեր է առաջացնում, որոնցից գլխավորը, թերևս, այն է, որ Հայաստանում այսօր գործում են բազմաթիվ պահնորդական ծառայություններ, սակայն իրական անվտանգություն, որպես համակարգ, փաստացի չի ապահովվում։

Նման ծառայությունները հաճախ գործում են ոչ այնքան պրոֆեսիոնալ, որքան «ուժային ներկայություն ապահովելու» տրամաբանությամբ։

Մի շարք ընկերությունների տվյալներ թերի են, իրական սեփականտերերը հաճախ չեն երևում։ Որոշ ընկերություններ գործում են քաղաքական հովանավորության պայմաններում։

Օրինակ «Փրոթեքշըն» ՍՊԸ-ի անունը կապվում է նախկին ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի անվան հետ։ Այս ընկերությունը հանդիսանում է Հայաստանի մասնավոր անվտանգության ոլորտի առանցքային խաղացողներից մեկը:

Այն հիմնադրվել է 2009 թվականին և մասնագիտացված է պահնորդական և թիկնապահական գործունեության մեջ: «Իրտեկ» իրավական տեղեկատվական կենտրոնի տվյալներով փաստաթղթում նշվում է Ռաֆիկ Ռուբենի Հայրապետյանի անունը, ինչից պարզ է դառնում, որ «Փրոթեքշըն» ՍՊԸ-ի տնօրենը նախկին Ռուբեն Հայրապետյանի որդին է և 100% բաժնեմասով հանդիսանում է միակ հիմնադիր-սեփականատերը:

Հայրապետյան ազգանունը կապվում է նաև անվտանգության ոլորտի այլ նախաձեռնությունների հետ, սակայն «Փրոթեքշըն» ՍՊԸ-ն մնում է նրա հիմնական և ամենաճանաչելի բիզնես ակտիվը:

«Ֆոքս Գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Կարեն Բաբակեխյանը ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա է։ Երկար տարիներ ծառայել է իրավապահ համակարգում։ Զբաղեցրել է Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնը։ Նախկինում աշխատել է նաև որպես Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) պետի տեղակալ։

Ներկայում նա հանդիսանում է «Ֆոքս Գրուպ» ՍՊԸ-ի տնօրենը, որն իրականացնում է մասնավոր պահնորդական ծառայություններ։ Նրա անունը մամուլում հաճախ շրջանառվել է տարբեր աղմկահարույց քրեական գործերի (օրինակ՝ «ֆինանսական բուրգի» գործը) շրջանակներում, որտեղ նա հիմնականում հանդես է եկել որպես վկա։

Պահնորդական մեկ այլ ընկերություն՝ «Գարդիան» ՍՊԸ-ի և դրա ղեկավար Խաչիկ Կարապետյանի վերաբերյալ պաշտոնական և բաց աղբյուրներում առկա տեղեկատվության վերլուծությունը թույլ է տալիս արձանագրել հետևյալ տվյալները. ըստ ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի և պետական գնումների համակարգի փաստաթղթերի՝ Խաչիկ Սեյրանի Կարապետյանն ի պաշտոնե հանդիսանում է «Գարդիան» ՍՊԸ-ի տնօրենը և ընկերության միակ բաժնետերը:

«Գարդիան» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2013 թվականին: Այն մասնագիտացված է մասնավոր պահնորդական գործունեության ոլորտում: Նույնանուն մի ՍՊԸ էլ՝ «Գարդիան գրուփ»-ն է։ Առաջին հայացքից կարծես՝ նույն անուններն են, բայց տվյալներից պազ է դառնում, որ այս ընկերության ղեկավարը Լ. Վարդապետյանն է։ Ըստ ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի և պետական գնումների համակարգի փաստաթղթերի՝ Լ. Վարդապետյանը Լևոն Ռուբիկի Վարդապետյանն է, որն այս ընկերության 100% բաժնետերն է:

«Գարդիան գրուփ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018 թվականին: Այն գործում է մասնավոր պահնորդական և անվտանգության ծառայությունների ոլորտում: Պահնորդական անթիվ ընկերությունների դեպքում էլ չկարողացանք պարզել, թե ով է իրական սեփականատերը, ինչ պատասխանատվություն են կրում պահնորդների մասնակցությամբ դժբախտ դեպքերի կամ խախտումների պարագայում։

Oragir.News-ը ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանից պարզաբանում խնդրեց, թե պահնորդական ընկերությունները վերահսկվո՞ւմ են ոստիկանության կողմից։

«Այդ ընկերությունները մեզանից լիցենզիա են ստանում։ Եթե զենքի օգտագործման կամ կրման կանոնները խախտվում են, ապա սկսվում է քրեական վարույթ։ Այդ վարույթի շրջանակում կարող է նաև մեր վարչության կողմից քննություն իրականացվել՝ կապված տվյալ կազմակերպությանը տրված լիցենզիայի հետ։ Քննարկվում է՝ ինչ է տեղի ունեցել, արդյոք խախտումը կապված է անձի՞, թե՞ կազմակերպության հետ»,- ասաց Սարգսյանը։

Անդրադառնալով հարցին՝ թե ինչպես են ընտրվում ընկերությունների ծառայողները, մեր զրուցակիցը հայտնեց, որ պետական գերատեսչություններում նման որոշումները հստակ կարգավորված են, թե ով որտեղ պետք է աշխատի։

Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին ժամը 16:56-ին շտապօգնության խումբը «ձախ սրունքի առաջային մակերեսի հրազենային վիրավորում» աշխորոշմամբ բուժօգնության է տեղափոխել մի անձի։

Նախնական տվյալներով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը հերթափոխի ընդունման-հանձնման ժամանակ իրեն ամրակցված զենքից պատահական կրակոց է արձակել։

Հասմիկ Մովսիսյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *