ԱՄՆ-ը և Իրանը պատրաստվում են հուշագրի վիրտուալ ստորագրմանը. հրադադարը կերկարաձգեն 60 օրով, Հորմուզի նեղուցը կբացեն. Axios

ԱՄՆ-ը և Իրանը՝ պակիստանցի և կատարցի միջնորդների մասնակցությամբ, կիրակի օրը ծրագրում են անցկացնել վիրտուալ հանդիպում և էլեկտրոնային եղանակով ստորագրել փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է հրադադարի ռեժիմի երկարաձգում 60 օրով, Հորմուզի նեղուցով ազատ նավարկության վերականգնում և Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների մեկնարկ, հայտնել է Axios-ը։

Աղբյուրների տվյալներով՝ գործընթացը դարձել է գրեթե երեք ամիս տևած բանակցությունների արդյունքը՝ Պակիստանի, Կատարի, Եգիպտոսի և Թուրքիայի միջնորդությամբ։

Ակնկալվում է, որ փաստաթուղթը պաշտոնապես վերջ կդնի տարածաշրջանում ռազմական գործողություններին և պոտենցիալ առումով կկայունացնի համաշխարհային էներգետիկ շուկաները։

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆն ավելի վաղ հայտնել էր, որ կողմերը «երբևէ այսքան մոտ չեն եղել խաղաղության համաձայնագրին»՝ նշելով, որ վերջնական պայմանավորվածությունը կարող է ձեռք բերվել առաջիկա 24 ժամվա ընթացքում՝ հետագա էլեկտրոնային ստորագրմամբ և տեխնիկական բանակցություններով։

Դրանից հետո Պակիստանի ԱԳՆ-ն հաստատել է, որ ստորագրման վիրտուալ արարողությունը նշանակված է կիրակի օրը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին Truth Social-ում գրել է, որ «գործարքը կստորագրվի վաղը», որից հետո Հորմուզի նեղուցը «բաց կլինի բոլորի համար»՝ հավելելով, որ Իրանի հետ հարաբերությունները «էականորեն տարբերվում են և ավելի լավն են, քան նախորդ վարչակազմերի օրոք»։ Նա նաև հայտնել է, որ համաձայնագրի տապալման դեպքում ԱՄՆ-ը պահպանում է ռազմական ուժ կիրառելու հնարավորությունը։

Թրամփն առանձին հայտնել է, որ իրավիճակի կայունացումից հետո ԱՄՆ-ը մտադիր է B-2 ռմբակոծիչների կիրառմամբ «հայտնաբերել և ոչնչացնել» Իրանի միջուկային օբյեկտները՝ ընդգծելով, որ գործընթացը կարող է իրականացվել ինչպես Իրանի տարածքում, այնպես էլ ԱՄՆ-ում։

Աղբյուրների տվյալներով՝ ստորագրման վիրտուալ ձևաչափն ընտրվել է լոգիստիկ պատճառներով, այդ թվում՝ Ֆրանսիայում G7 գագաթաժողովից առաջ բանակցային թիմի՝ ժամանակին ԱՄՆ վերադառնալու անհնարինության պատճառով։

Ակնկալվում է, որ համաձայնագրի թեման առանցքային կլինի G7-ի շրջանակում Եգիպտոսի, Կատարի և ԱՄԷ-ի առաջնորդների հետ Թրամփի հանդիպմանը, ինչպես նաև տարածաշրջանային գործընկերների հետ քննարկումների և Հորմուզի նեղուցի շրջանում նավարկության անվտանգության ապահովման հարցի շրջանակում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *