Politico․ Թրամփն ընդունել է Վերսալում շքեղ ընթրիքին մասնակցելու Մակրոնի հրավերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի կմասնակցի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ընթրիքին Վերսալի պալատում՝ Էվիան լը Բենում G7-ի գագաթաժողովի ավարտից հետո, հայտնել է Politico-ն՝ հղում կատարելով ԱՄՆ վարչակազմի և Ելիսեյան պալատի աղբյուրներին։

Աղբյուրների տվյալներով՝ առանձնացված ընթրիքի հրավերը Մակրոնն ուղարկել էր նախապես, և դրա անցկացումը դիտարկվում է որպես գագաթաժողովի եզրափակիչ ծրագրի մաս։ Եվրոպացի առաջնորդներն ակնկալում են ամերիկյան կողմի հետ քննարկել հարցերի լայն շրջանակ, ներառյալ Ուկրաինայում պատերազմը, Իրանի շուրջ իրավիճակը և միջազգային անվտանգության հարցերը։

Ինչպես նշվել է, Թրամփի այցը Ֆրանսիա կսկսվի երկուշաբթի։ Առաջին օրը նախատեսված են հանդիպում նախագահ Մակրոնի հետ, պաշտոնական ընդունելություն և աշխատանքային ընթրիք։

Գագաթաժողովի ընթացքում նա նաև կանցկացնի մի շարք երկկողմ հանդիպումներ և աշխատանքային նիստեր G7-ի երկրների առաջնորդների և հրավիրված գործընկերների հետ։

Մասնավորապես, երեքշաբթի ակնկալվում է Թրամփի մասնակցությունը աշխատանքային նիստին G7-ի առաջնորդների և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Բացի այդ, նախատեսված են առանձին հանդիպումներ Կատարի և Արաբական Միացյալ Էմիրությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև աշխատանքային քննարկումներ Մերձավոր Արևելքի երկրների առաջնորդների մասնակցությամբ։

Չորեքշաբթի ԱՄՆ նախագահը երկկողմ բանակցություններ կվարի Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ Նախատեսված են նաև հանդիպումներ G7 ձևաչափի մասնակիցների և տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների հետ՝ նվիրված արհեստական բանականության և գլոբալ տնտեսության հարցերին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *