Զանգվածային բողոք Թել Ավիվում. մասնակիցները պահանջում են հոկտեմբերի 7-ի իրադարձությունների հետ կապված ձախողումների անկախ հետաքննություն

Մոտ 500 մարդ մասնակցել է հակակառավարական հանրահավաքին Թել Ավիվի Հաբիմա հրապարակում՝ պահանջելով ստեղծել անկախ պետական հանձնաժողով՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման հետ կապված ձախողումները հետաքննելու համար, հայտնել է The Times of Israel-ը։

Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ կառավարության ներկայիս առաջարկը հետաքննող հանձնաժողովի վերաբերյալ անկախ չէ և ձևավորվելու է քաղաքական գործիչների կողմից։ Ըստ նրանց՝ խոսքը մի կառույցի մասին է, որտեղ առանցքային դեր կստանան կոալիցիայի ներկայացուցիչները, ինչը, ինչպես պնդում են ընդվզողները, խաթարում է դրա լեգիտիմությունը։

Ելույթ ունեցողներն ընդգծել են, որ միայն դատական համակարգի կողմից նշանակված և անկախ փորձագետներ ներառող հանձնաժողովը կարող է ապահովել իրադարձությունների օբյեկտիվ քննությունը։ Գրոհի զոհերի հարազատների խոսքով՝ ժամանակի ընթացքում «հարցերը միայն ավելանում են», իսկ իշխանությունների պատասխանատվությունը մինչ օրս չի սահմանվել։

Հանրահավաքի ընթացքում հնչել են նաև զոհվածների ընտանիքների հուզական հայտարարություններ։ Մասնակիցներից մեկը, որը կորցրել էր դստերը Nova երաժշտական փառատոնում տեղի ունեցած կոտորածի ժամանակ, հայտնել է, որ նա «սպանվել է կրոնների պատերազմում»՝ խիստ քննադատելով ինչպես ՀԱՄԱՍ խմբավորմանը, այնպես էլ երքին կրոնաքաղաքական տարաձայնություններն Իսրայելում։

Նա հանդես է եկել նաև զինվորական ծառայության հարցում ուլտրաօրթոդոքս քաղաքացիների կարգավիճակի փոփոխությանն առնչվող նախաձեռնությունների դեմ՝ դրանք անվանելով անարդար նրանց նկատմամբ, ովքեր անցնում են պարտադիր ծառայություն։

Ակցիայի ընթացքում ոստիկանությունը ստիպված է եղել միջամտել մասնակիցների և սադրիչների միջև բանակռիվներից հետո, որոնք փորձում էին տեսանկարահանում իրականացնել և հակամարտության մեջ մտնել ցուցարարների հետ։ Մի քանի մարդ ժամանակավորապես դուրս է բերվել ամբոխից և հարցաքննվել է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *