ԱՄՆ-ում առաջիկա օրերին 54 միլիոն մարդ կհայտնվի փոթորիկների, շոգի և հեղեղումների վտանգի տակ

ԱՄՆ-ում այս հանգստյան օրերին սպասվում է էքստրեմալ շոգի, ուժեղ ամպրոպների և հանկարծակի հեղեղումների վտանգի համադրություն, որը կարող է ազդել երկրի տասնյակ միլիոնավոր բնակիչների վրա, հայտնել է NBC News-ը։

Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ մոտ 26 միլիոն մարդ կբախվի անոմալ բարձր ջերմաստիճանի արևմուտքում, կենտրոնական հարթավայրերում և հարավ-արևելքում։

Մի շարք շրջաններում, ներառյալ Հյուսիսային Կարոլինան, Հարավային Կարոլինան, Ֆլորիդան, Միսիսիպին և Օկլահոման, ջերմաստիճանը կարող է հասնել 108°F-ի (մոտ 42°C), ինչը 5–10 աստիճանով բարձր է հունիսի կեսի կլիմայական նորմից։

Հատկապես ուժեղ շոգ է սպասվում նաև ԱՄՆ-ի արևմտյան ափին․ Կալիֆոռնիայում, Օրեգոնում և Վաշինգտոնում ջերմաստիճանը կլինի սովորական մակարդակից 10–25 աստիճանով բարձր։ Առանձին քաղաքներում, այդ թվում՝ Սիեթլում, Պորտլենդում և Կալիֆոռնիայի որոշ շրջաններում, արդեն գործում են ջերմային վտանգի մասին նախազգուշացումներ։

Միևնույն ժամանակ, երկրի զգալի մասը բախվում է ուժեղ ամպրոպների վտանգին։ Փոթորկի նախազգուշացումներ են հայտարարվել Նեբրասկայում, Այովայում և Միսուրիում, իսկ վտանգի գոտում գտնվող մարդկանց ընդհանուր թիվը հասնում է 20 միլիոնի։ Կանխատեսումների համաձայն՝ երեկոյան ամպրոպներ կսկսվեն Քանզասում, Օկլահոմայում, Միսուրիում և Արկանզասում։

Այս շրջաններում հնարավոր են նաև հանկարծակի հեղեղումներ։ Ամենաբարձր վտանգը կանխատեսվում է Քանզաս Սիթիի, Տալսայի, Ուիչիտայի, Սփրինգֆիլդի և Ջոփլինի համար։

Օդերևութաբանները նախազգուշացնում են տոռնադոյի վտանգի, մինչև 120 կմ/ժ արագությամբ քամու պոռթկումների և խոշոր կարկուտի մասին։ Կիրակի օրը անկայուն եղանակի գոտին կտեղափոխվի արևելք՝ ընդգրկելով Միջին Ատլանտիկայի շրջանը, Ապալաչները և Օհայոյի հովիտը, ներառյալ Նյու Յորքը, Ֆիլադելֆիան և Վաշինգտոնը։

Փորձագետները նշել են, որ եղանակային նման կտրուկ տատանումները կարող են կապված լինել կլիմայական գործոնների հետ, ինչպիսին է Էլ Նինյոն, որոնք ուժեղացնում են արդեն գոյություն ունեցող գլոբալ տաքացումը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *