Մեծ վերադարձ Մադրիդ. Մոդրիչը որոշել է ապագան ԱԱ-2026-ից հետո

Խորվաթիայի հավաքականի և իտալական «Միլանի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը որոշել է ԱԱ-2026-ից հետո ավարտել ֆուտբոլիստի կարիերան:

Այս մասին հայտնում է հայտնի ինսայդեր և լրագրող Նիկոլո Սկիրան։

Աղբյուրի համաձայն՝ 40-ամյա խաղացողն արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հետ։ Մարզական կարիերան ավարտելուց անմիջապես հետո նա աշխատանքի կանցնի «արքայական» ակումբում՝ ստանձնելով պաշտոններից մեկը։ Նշենք, որ խորվաթի գործող պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչև այս տարվա հունիսի 30-ը։

Հիշեցնենք, որ Մոդրիչը «Ռեալի» գույները պաշտպանել է 2012-ից 2025 թվականներին։ Մադրիդյան գրանդի կազմում նա 4 անգամ հռչակվել է Իսպանիայի չեմպիոն և 6 անգամ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը։ 2018-ին կիսապաշտպանն արժանացել է «Ոսկե գնդակին»՝ դառնալով նման պատվի արժանացած առաջին խորվաթ ֆուտբոլիստը։ Ազգային հավաքականի կազմում Մոդրիչը դարձել է ԱԱ-2018-ի և Ազգերի լիգայի 2022/23 մրցաշրջանի արծաթե մեդալակիր։

ԱԱ-2026-ում Խորվաթիայի ընտրանին ընդգրկված է L խմբում, որտեղ ուժերը կչափի Անգլիայի (հունիսի 17), Պանամայի (հունիսի 24) և Գանայի (հունիսի 28) հետ։ Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունն անցկացվում է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *