ԱՄՆ-ում երկու տղամարդու մեղադրանք է առաջադրվել Աշխարհի առաջնությունում Անգլիայի հավաքականի հանդերձանքի գողության գործով

ԱՄՆ-ում երկու տղամարդու մեղադրանք է առաջադրվել Անգլիայի ֆուտբոլի հավաքականի մարզական հանդերձանքի գողության գործով՝ մոտ 18 հազար դոլար արժողությամբ, հաղորդում է AFP-ն։

Ջեքսոն շրջանի դատախազ Մելեսա Ջոնսոնի գրասենյակի տվյալներով, գույքը գողանալու մեղադրանք է առաջադրվել Մուստաֆա Սալիքին և Էրֆան Քամալին։ Մեղավոր ճանաչվելու դեպքում նրանց կարող է սպառնալ մինչև յոթ տարվա ազատազրկում՝ Միսսուրի նահանգի օրենքների համաձայն։

Ինչպես նշվում է, գույքը հափշտակվել էր տրանսպորտային միջոցներից՝ Անգլիայի հավաքականի մարզական ճամբարից Ֆլորիդայում դեպի նրա բազան Կանզաս Սիթի տեղափոխման ընթացքում։

Ջեքսոն շրջանի դատախազությունից հայտնել են, որ խոսքը մոտ 18 հազար դոլար ընդհանուր արժեք ունեցող հանդերձանքի մասին է։ Գերատեսչությունում ընդգծել են, որ ոստիկանության օպերատիվ գործողությունները թույլ են տվել արագորեն հետաքննել միջադեպը և մեղադրանք առաջադրել։

Կանզաս Սիթիի քաղաքապետ Քուինթոն Լուկասը շնորհակալություն է հայտնել ոստիկանությանը և դատախազությանը գործի շրջանակում կատարած աշխատանքի համար՝ նշելով մի քանի նահանգների միջև հետաքննության համակարգումը և գողացված գույքի մի մասի վերադարձը։

Ավելի վաղ Անգլիայի հավաքականի առանձին խաղացողներ հայտնել էին, որ իրենց հանդերձանքը վերադարձվել է։ Դարպասապահ Դին Հենդերսոնը հայտարարել է, որ «ամեն ինչ վերադարձրել են», իսկ պաշտպան Դեն Բյորնը նշել է, որ մանրամասներ չունի, սակայն իր գույքը հետ է ստացել։

Անգլիայի հավաքականը Թոմաս Տուխելի գլխավորությամբ պատրաստվում է Աշխարհի առաջնության մեկնարկին և չորեքշաբթի օրը մրցաշարը կբացի Խորվաթիայի դեմ խաղով։ Այնուհետև թիմը խմբային փուլում կխաղա Գանայի և Պանամայի հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *