Դանիայի Օրհուս քաղաքում գտնվող Den Gamle By թանգարանը դարձել է European Museum of the Year Award 2026 մրցանակի դափնեկիրը, որը համարվում է եվրոպական թանգարանային ոլորտի ամենահեղինակավոր պարգևներից մեկը, հայտնում է Euronews-ը։
Մրցանակը հանձնվել է Բիլբաոյում կայացած արարողության ժամանակ։ Ժյուրին նշել է, որ թանգարանը սահմանել է «նոր չափանիշ նորարարության և հանրային նշանակության համար» և ցուցադրում է այցելուների հետ փոխգործակցության բարձր մակարդակ։
Den Gamle By-ն բաց երկնքի տակ գտնվող քաղաքային պատմության թանգարան է, որը այցելուներին հնարավորություն է տալիս հետևել առօրյա կյանքի զարգացմանը ավելի քան 400 տարվա ընթացքում։ Ցուցադրությունները ընդգրկում են XVII դարից մինչև 2014 թվականն ընկած ժամանակահատվածը և վերաստեղծում են տարբեր պատմական դարաշրջաններ՝ ինտերակտիվ ցուցահանդեսների և վերակառուցված քաղաքային թաղամասերի միջոցով։
Ըստ ժյուրիի ներկայացուցիչների, թանգարանը հաջողությամբ համադրում է պատմական ժառանգությունը ժամանակակից թեմաների քննարկման հետ, ներառյալ միգրացիան, կայուն զարգացումը, սոցիալական արդարությունը և հավասարության հարցերը։
Փորձագետները հատուկ ուշադրություն են դարձրել թանգարանի բնապահպանական նախաձեռնություններին։ Դրանց թվում են բույսերի հին տեսակների պահպանությունը, այգեգործության վերաբերյալ կրթական ծրագրերը, ինչպես նաև հագուստի և շենքերի վերանորոգման վարպետության դասերը՝ որպես կայուն սպառման հայեցակարգի մաս։
Ժյուրին նաև նշել է կամավորների և տեղի բնակիչների ակտիվ մասնակցությունը թանգարանի աշխատանքներին, ինչի շնորհիվ հաստատությունը դարձել է տարածաշրջանի հասարակական կյանքի կարևոր մաս։
Գլխավոր մրցանակից բացի հանձնվել են նաև այլ պարգևներ։ Այսպես, լոնդոնյան Young V&A-ն ստացել է Եվրոպայի խորհրդի թանգարանային մրցանակը, իսկ Լահթիում գտնվող Lahti Museum of Visual Arts Malva-ն արժանացել է ճանաչման բնապահպանական կայունության ոլորտում ձեռքբերումների համար։
Կազմակերպիչները նշել են, որ 2026 թվականի դափնեկիրներին միավորում է հաստատված մոտեցումները վերաիմաստավորելու ձգտումը, բարդ պատմական թեմաների հետ աշխատելու պատրաստակամությունը և թանգարանների հանրային դերի ուժեղացումը։