Սամվել Կարապետյանի տեղը Կառավարական թիվ 1 շենքում է, ոչ թե դատարանում, նա է խաղաղություն բերելու․ Էդգար Ղազարյան

Մենք այսօր հավաքվել ենք այստեղ, որովհետև այստեղ է գտնվում Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը։ Բայց այստեղ չէ այն վայրը, որտեղ ինքը պետք է գտնվի ընդհանրապես։ Նա պետք է գտնվի Հանրապետության հրապարակում՝ Կառավարական թիվ մեկ շենքում․ Հակակոռուպցիոն դատարանի դիմաց ասաց Էդգար Ղազարյանը, որը միացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը։

«Իր այնտեղ գտնվելն է, որ խաղաղություն է բերելու մեր պետությանն ու ժողովրդին, իր այնտեղ գտնվելն է, որ բարօրություն է բերելու մեր ժողովրդին, հաջողություններ է բերելու մեր ժողովրդին։ Ի վերջո հնարավոր չէ կասեցնել ժողովրդի ուժը։ Երբ գետը վարար իր հունով հոսում է, հնարավոր է դրա դիմաց ամբարտակ դնել, արհեստական մի շինություն, դրանից այդ գետը լճի է վերածվում, ծովի է վերածվում, բայց գետի հունը դրանից չի փոխվում, այդ վարար ծովից ոռոգվում են դաշտեր, ոռոգվում են այգիներ, բարություն, հաջողություն է բերում։ Սամվել Կարապետյանի առջև դրված այս արգելքը միայն մեզ ավելի մեծ բազմության է վերածելու»,– ասաց նա։

Նա օրինակ է բերել օրեր առաջ Հունգարիայում տեղի ունեցած ընտրությունները։

«Մենք տեսանք մի քանի օր առաջ Հունգարիայում 16 տարվա իշխանությունն ընդամենը մեկ օրում ժողովրդի կամքով փոխվեց, և այդ փոփոխությունը լինելու է նաև Հայաստանում, և Հայաստանի հաջորդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը»,-ասաց նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *