Հզոր ցիկլոնը չորս օրում ոչնչացրել է աշխարհի ամենահազվագյուտ մարդանման կապիկների 7 տոկոսը

Մի հզոր մերձարևադարձային ցիկլոն՝ ուժեղացված կլիմայի փոփոխությամբ, անցյալ տարի ընդամենը չորս օրվա ընթացքում հանգեցրել է տապանուլյան օրանգուտանների՝ մոլորակի ամենահազվագյուտ մարդանման կապիկների պոպուլյացիայի մոտ 7 տոկոսի կորստին։ Այս մասին նշվել է Current Biology ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ։

Տապանուլյան օրանգուտանները (Pongo tapanuliensis) ապրում են միայն Ինդոնեզիայի Սումատրա կղզու հյուսիսում գտնվող Բատանգ Տորուի անտառներում։ Սա մարդանման կապիկների ամենասակավաթիվ տեսակն է. 2019 թվականին դրանց թիվը կազմում էր մոտ 767 առանձնյակ։

Հետազոտողների տվյալներով՝ 2025 թվականի նոյեմբերին Սենյար ցիկլոնը տարածաշրջանում առաջացրել է ծայրահեղ տեղումներ և զանգվածային սողանքներ։ Չորս օրվա ընթացքում այդ շրջանում տեղացել է մոտ 556 միլիմետր անձրև, ինչը հանգեցրել է անտառային զանգվածների ավերմանը և մոտավորապես 58 կենդանու մահվան՝ արևմտյան խմբի պոպուլյացիայի մոտ 11 տոկոսը և ամբողջ տեսակի մոտ 7 տոկոս-ը։

Գիտնականները նշել են, որ կենդանիները մահացել են հեղեղումների, սողանքների, փլատակների տակ շնչահեղձ լինելու և ծառերի անկման հետևանքով։

«Կլիմայով պայմանավորված էքստրեմալ եղանակային երևույթներն անհապաղ և աղետալի սպառնալիք են ներկայացնում աշխարհի ամենահազվագյուտ մարդանման կապիկների համար», — նշվել է հետազոտության մեջ։

Հետազոտությունը ցույց է տվել, որ մինչև փոթորիկը արեալի արևմտյան մասի անտառների մոտ 99 տոկոսը մնացել էր անձեռնմխելի, սակայն ցիկլոնից հետո տեղի է ունեցել ավելի քան 50 հազար սողանք, որոնք ընդգրկել են կենսամիջավայրի հազարավոր հեկտարներ։

Գիտնականներն ընդգծել են, որ հետևանքները կարող են երկարաժամկետ լինել. հողի և բույսերի աճն ապահովող սնկային ցանցերի ավերումը կդանդաղեցնի անտառի վերականգնումը և օրանգուտաններին կզրկի հիմնական կերային բազայից։

Տապանուլյան օրանգուտանները հատկապես խոցելի են նման աղետների նկատմամբ չափազանց դանդաղ բազմացման պատճառով. ձագերի ծնունդների միջև ընդմիջումները կազմում են 6–9 տարի։ Սա պոպուլյացիայի վերականգնումը դարձնում է խիստ դանդաղ նույնիսկ նոր սպառնալիքների բացակայության դեպքում։

Հետազոտողները նաև նշել են, որ ցիկլոնի ուժեղացումը կապված էր ոչ միայն կլիմայի փոփոխության, այլև կլիմայական տատանումների հետ, ներառյալ Լա Նինյան և Հնդկական օվկիանոսի դիպոլը։

Փորձագետները նախազգուշացնում են, որ նման իրադարձությունները գլոբալ տաքացման ֆոնին կարող են դառնալ ավելի հաճախակի և կործանարար, ինչը լրացուցիչ վտանգ է ստեղծում արդեն իսկ անհետացման եզրին գտնվող տեսակների համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *