Իլոն Մասկի տիեզերական ընկերության հաջող մեկնարկը բորսայում ռեկորդային եկամուտներ է ապահովել «Kingdom Holding»-ի և Սաուդյան Արաբիայի ինքնիշխան հիմնադրամի համար, հայտնում է Bloomberg-ը։
Ուրբաթ օրը ֆոնդային բորսայում «SpaceX»-ի գրանցած հաջողությունը զգալիորեն մեծացրել է Սաուդյան Արաբիայի ամենահարուստ մարդկանցից մեկի կապիտալը։
Արքայազն Ալ-Վալիդ իբն Թալալի «Kingdom Holding Co.» ներդրումային ընկերության բաժնետոմսերը կտրուկ թանկացել են կիրակի օրվա սակարկությունների մեկնարկին։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ բորսայում «SpaceX»-ի արժեթղթերի գինը առաջին իսկ օրը կտրուկ աճել է՝ սաուդյան ընկերությանը պատկանող բաժնեմասի արժեքը հասցնելով գրեթե 7 միլիարդ դոլարի, ինչը կազմում է դրա ընդհանուր շուկայական կապիտալիզացիայի մոտ կեսը։
«Kingdom Holding»-ի ղեկավարությունից հայտնել են, որ կոնգլոմերատին է պատկանում «SpaceX»-ի 42,4 միլիոն դոլար արժողությամբ բաժնետոմսեր, որոնք, հիմնվելով ուրբաթ օրվա փակման գնի վրա, այժմ գնահատվում են 6,8 միլիարդ դոլար։ Այս ֆոնին հենց «Kingdom Holding»-ի բաժնետոմսերն աճել են 5%-ով, ինչի արդյունքում ընկերության շուկայական արժեքը հասել է 56 միլիարդ ռիալի (14,9 միլիարդ դոլար)։
Հիշեցնենք, որ «SpaceX»-ը (պաշտոնական անվանումը՝ Space Exploration Technologies) բորսայում սկսել է սակարկվել անցած ուրբաթ՝ պատմության մեջ ամենախոշոր IPO-ի շրջանակում 75 միլիարդ դոլար ներգրավելուց հետո: Բորսայական նստաշրջանի փակման պահին ընկերության բաժնետոմսերն աճել են 19%-ով՝ կանգ առնելով մեկ միավորի դիմաց 160,95 դոլարի նշագծին: Սա տասնյակ միլիարդավոր դոլարների շահույթ է բերել ներդրումային հիմնադրամների նեղ շրջանակին:
Այսպես, «Founders Fund» վենչուրային հիմնադրամը, որը ղեկավարում է Մասկի վաղեմի գործընկեր Փիթեր Թիլը, տնօրինում է բաժնետոմսերի մոտ 3%-ը: Իսկ «Andreessen Horowitz» (a16z) հիմնադրամը, Bloomberg-ի փոխանցմամբ, կստանա իր պատմության մեջ ամենամեծ շահույթը: «Sequoia Capital» հիմնադրամը, որն առաջին անգամ «SpaceX»-ին աջակցել էր դեռ 2019 թվականի վերջին, վերահսկում է ընկերության շուրջ 1,5%-ը։
Ավելի վաղ՝ այս ամսվա սկզբին, «Kingdom Holding»-ի ներկայացուցիչները հայտնել էին, որ իրենց փաթեթը կազմում է «SpaceX»-ի ընդհանուր կապիտալի 0,34%-ը։ Ընդ որում, Իլոն Մասկի տիեզերական հսկայի մեջ արքայազն Ալ-Վալիդի անձնական բաժնեմասը գնահատվում է ևս 0,29%: Bloomberg-ի միլիարդատերերի ինդեքսի (Bloomberg Billionaires Index) համաձայն՝ այս ակտիվների շնորհիվ Ալ-Վալիդի զուտ կարողությունը գերազանցել է 27 միլիարդ դոլարը, ինչը նրա համար առավելագույն ցուցանիշն է վերջին տասնամյակում։
Սաուդցի միլիարդատերը Մասկի ներդրողների թիմին առաջին անգամ միացել է 2022 թվականին, երբ «Tesla»-ի համահիմնադիրը 44 միլիարդ դոլարով գնեց «Twitter» սոցիալական ցանցը։ Այն ժամանակ արքայազնը հին հարթակի իր բաժնետոմսերը փոխարկեց նոր ընկերության բաժնեմասի։ Նա դա արեց այնպիսի ներդրողների հետ միասին, ինչպիսիք են Լարի Էլիսոնն ու «Andreessen Horowitz» հիմնադրամը։
Օգուտներ ողջ Մերձավոր Արևելքի համար
«SpaceX»-ի մուտքը բորսա ուղղակի օգուտներ կբերի նաև Սաուդյան Արաբիայի այլ ներդրողներին: Նրանց թվում է 1 տրիլիոն դոլարի ակտիվներ ունեցող պետական Ինքնիշխան ներդրումային հիմնադրամը (PIF), որը բաժնեմաս ունի արքայազն Ալ-Վալիդի ընկերությունում: Սա մեծ պլյուս է նաև ողջ թագավորության համար, որն արհեստական բանականությունն ու բարձր տեխնոլոգիաները դարձրել է տնտեսության դիվերսիֆիկացման և նավթային կախվածությունից հրաժարվելու իր ռազմավարության առանցքային տարրը:
Այսպես, PIF հիմնադրամի կողմից աջակցվող «Humain» ԱԲ-ընկերությունն այս տարի 3 միլիարդ դոլար է ներդրել Մասկի «xAI» ստարտափում՝ ֆինանսավորման խոշոր՝ 20 միլիարդ դոլարանոց փուլի շրջանակներում: Այս գործարքն «xAI»-ում զգալի փոքրամասնական բաժնեմաս է ապահովել «Humain»-ին՝ պայմանով, որ այդ ակտիվները հետագայում կփոխարկվեն «SpaceX»-ի բաժնետոմսերով:
Պարսից ծոցի երկրների ներդրողներն այժմ ակտիվորեն ամրապնդում են արհեստական բանականության ողջ էկոհամակարգում ունեցած իրենց դիրքերը: Աբու Դաբիի (ԱՄԷ) «MGX» հիմնադրամը յուրօրինակ ներդրումային «հեթ-տրիկ» է ձևակերպել՝ բաժնեմասեր գնելով աշխարհում ամենախոսվող երեք ԱԲ-լաբորատորիաներում՝ «Anthropic»-ում, «OpenAI»-ում և «xAI»-ում: Կատարը նույնպես հետևում է նմանատիպ ռազմավարության՝ արդեն իսկ խոշոր միջոցներ ներդնելով «Anthropic» և «xAI» ընկերություններում:
ԱԲ ոլորտում արաբական կապիտալի այս հզոր ներհոսքը կարող է նորույթ թվալ, սակայն Պարսից ծոցի երկրների որոշ ներդրողներ տարիներ շարունակ խաղադրույք են կատարում առաջադեմ տեխնոլոգիաների վրա: Օրինակ՝ Աբու Դաբիի «IHC» հիմնադրամը «SpaceX»-ում ներդրում է արել դեռ 2020 թվականին, իսկ «Aabar»-ը ձեռք է բերել Ռիչարդ Բրենսոնի «Virgin Galactic» տիեզերական ընկերության բաժնեմասը դեռ հեռավոր 2009-ին՝ շատ ավելի վաղ, քան տիեզերքն ու արհեստական բանականությունը կդառնային համաշխարհային շուկաների գլխավոր թրենդը։