ԵՄ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Կայա Կալասը ողջունել է Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնությունը՝ ընդգծելով, որ բոլոր երկրներն էլ ցանկանում են տեսնել Հորմուզի նեղուցի վերաբացումը։
«Մենք ջերմորեն ողջունում ենք այս քայլը և հույս ունենք, որ համաձայնագիրը կստորագրվի ուրբաթ օրը, քանի որ բոլորին անհրաժեշտ է թե՛ բաց Հորմուզի նեղուց, և թե՛ պատերազմի իրական ավարտ»,- երկուշաբթի օրը՝ ԵՄ արտգործնախարարների հանդիպումից առաջ, լրագրողներին հայտարարել է Կալասը։ Նա նաև հույս է հայտնել, որ հրադադարը երկարատև կլինի։
Կալասը նշել է, որ ԵՄ արտգործնախարարները քննարկելու են, թե ինչպես կարող են նպաստել իրավիճակի կարգավորմանը՝ հավելելով, որ Բրյուսելը մշտական կապի մեջ է Իրանի, ԱՄՆ-ի և Պարսից ծոցի գործընկերների հետ։ Մասնավորապես, նա ընդգծել է, որ Եվրամիությունը կարող է օգտակար լինել միջուկային հիմնախնդրի շուրջ բանակցություններում։
Ավելի վաղ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի իշխանությունները ռազմական գործողությունները դադարեցնելու համաձայնություն են ձեռք բերել և հունիսի 19-ին Շվեյցարիայում փոխըմբռնման հուշագիր կստորագրեն։
Իր հերթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի ամերիկյան ծովային շրջափակումն ավարտվում է, իսկ Հորմուզի նեղուցով նավերի տեղաշարժը՝ վերականգնվում։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Իրանն այդ նավարկության համար տուրքեր չի գանձելու։