ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The New York Times թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների տապալման դեպքում Վաշինգտոնը կարող է կա՛մ վերսկսել Թեհրանի ուղղությամբ ռազմական հարվածները, կա՛մ ստանձնել «Մերձավոր Արևելքի պահապանի» դերը՝ տարածաշրջանի եկամուտների մի մասի դիմաց։
«Եթե Իրանին չհաջողվի վերջնական համաձայնության գալ Միացյալ Նահանգների հետ, ես կա՛մ կվերսկսեմ ռազմական հարձակումները, կա՛մ էլ տարածաշրջանի եկամուտների 20%-ի դիմաց Միացյալ Նահանգներին կդարձնեմ «Մերձավոր Արևելքի պահապանը»»,- մեջբերում է պարբերականը Թրամփի խոսքերը։
Ինչպես նշում է թերթը, ԱՄՆ նախագահի օգնականներն ակնկալում են, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների նոր փուլը կմեկնարկի ուրբաթ օրը՝ Շվեյցարիայում։