Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն անհանգստացնող ոչինչ չի տեսնում այն փաստում, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն աջակցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիների կեսից պակասը։
Հովհաննիսյանը բոլոր հարցերի համար գտել էր պատասխաններ, որոնք կոչված են եղել իշխանությունների իրական նպատակների ու դրդապատճառների վերաբերյալ բոլոր կասկածները ցրելու համար։ Այսպես՝ այն տարօրինակ փաստը, որ ակցիզային հարկի թանկացման մասին հայտարարվել է ընտրություններից հետո, այլ ոչ թե առաջ, նախարարը բացատրել է պլանի ընդունման անհրաժեշտությամբ։ Լրագրողներին մեղադրելով օրենսդրական պահանջները սխալ մեկնաբանելու մեջ՝ Հովհաննիսյանն արձանագրել է, որ պլանը պետք է ուժի մեջ մտնի մինչև 2027 թվականի հունվարի 1-ը, հետևաբար՝ պետք է ընդունվեր մինչև հուլիսի 1-ը։ Իսկ այն ակնհայտ փաստը, որ նույն պատճառով շատ ավելի տրամաբանական կլիներ այն ընդունել ընտրություններից առաջ (եթե, իհարկե, իշխանությունները չէին վախենում որոշման բացասական հետևանքներից), նախարարը շրջանցել է լռությամբ։
Ընդդիմության այն ենթադրություններին, թե ընտրություններից հետո իշխանությունները ստիպված կլինեն կա՛մ ավելացնել պետական պարտքը, կա՛մ չկատարել խոստացվածը, Հովհաննիսյանն արձագանքել է հետևյալ հայտարարությամբ. «Երբեմն կարդում եմ ընդդիմությանը ու զարմանում, թե ոնց կարելի է դա ընդհանրապես կարդալ, առավել ևս՝ հավատալ ու մեջբերել։ Ո՞նց կարելի է դրան ընդհանրապես լուրջ վերաբերվել»։ Ինչ վերաբերում է առողջապահության հիմնադրամի համար վերցված 102 միլիոն եվրոյի վարկին, նախարարն այն բացատրել է համակարգի բարեփոխումների անհրաժեշտությամբ։ Նրա խոսքով՝ կա հստակ բանաձև, որով բյուջեից միջոցներ են փոխանցվում հիմնադրամին, այնպես որ որևէ խնդիր չի առաջանա, իսկ եթե, այնուամենայնիվ, առաջանա, իշխանությունները կլուծեն այն։
Ընտրությունների նախաշեմին կենսաթոշակների բարձրացումը Հովհաննիսյանի մոտ ընդհանրապես հարցեր չի առաջացնում։ Այս դեպքում ևս նա հղում է արել 2025 թվականի եկամուտների աճին, որոնք պլանավորվածից ամբողջ 30 միլիարդ դրամով ավելի են եղել։ Նախարարը հայտնել է նաև եկամտաբերությունը ևս 10 միլիարդով կամ նույնիսկ ավելիով բարձրացնելու ծրագրերի մասին, ինչին, ըստ ամենայնի, կնպաստի հենց ակցիզային հարկի թանկացումը։
Ի վերջո, Հովհաննիսյանն ուրախությամբ հավաստիացրել է, որ այժմ երկրում կենսաթոշակը գերազանցում է նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը։
Անդրադառնալով հանրությանը հուզող ամենագլխավոր հարցին՝ ընտրությունների արդյունքներին և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) հետ կատարվածին, Հովհաննիսյանը հայտարարել է, թե չի կարող մեկնաբանել իրավական կողմը, բայց կարծում է, որ «ընտրակաշառք բաժանած ուժերը բողոքելու հիմքեր չունեն»։ Թե ինչու է ԲՀԿ-ի մասին խոսելիս նա օգտագործում հոգնակի թիվը («ուժերը»), մնում է անհայտ։ Այն փաստը, որ նման հայտարարությունը խախտում է անմեղության կանխավարկածը, իսկ ընտրակաշառքի բուն փաստը դատարանով դեռ ապացուցված չէ, Հովհաննիսյանին քիչ է հուզում. նա վստահ է, որ դատավճիռներ կլինեն։ Հիշեցնենք, որ վերջերս կայացած ճեպազրույցի ժամանակ վարչապետը պատիժներով էր սպառնացել այն դատավորներին, որոնք մեղմություն կցուցաբերեն կոռուպցիայի ու ընտրակաշառքների նկատմամբ, այնպես որ Հովհաննիսյանի «դատողությունների հեռատեսության» վրա կասկածելու հարկ չկա։ Նախարարի համոզմամբ՝ այն ձայնագրությունները, որոնք բոլորը լսել են (և որոնք հրապարակել են իրավապահները), կասկածի որևէ տեղիք չեն տալիս։
Երբ Հովհաննիսյանին նկատողություն են արել, որ բոլոր ընտրողների կաշառված լինելու մասին հայտարարելը (իսկ վարչապետը հենց այդպես էր արտահայտվել) վիրավորանք է բոլոր նրանց հասցեին, ովքեր իրենց քվեն ազնվորեն տվել են ընդդիմությանը, նախարարը չի վիճել։ Փոխարենը նա վստահություն է հայտնել, որ միայն մաքուր ձայներով ընդդիմությունն ընդհանրապես խորհրդարան չէր անցնի։ Այն հանգամանքը, որ հենց իրենց կուսակցությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», ստացել է քվեարկողների ձայների կեսից պակասը, Հովհաննիսյանին դարձյալ չի անհանգստացնում. նախարարը լիովին վստահ է իր քաղաքական թիմի լեգիտիմության վրա։