Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել երկրի թիկունքում հայտարարված հատուկ դրության ժամկետը մինչև հունիսի վերջ երկարաձգելու որոշմանը։ Այս մասին հայտնում է Ynet լրատվական պորտալը։
Ըստ հաղորդման՝ նախարարները հեռախոսային քվեարկությամբ հաստատել են հունիսի 15-ից 30-ն ընկած ժամանակահատվածի համար հատուկ դրության երկարաձգումը։ Այս ռեժիմը իշխանություններին ու բանակին հնարավորություն է տալիս արագորեն փոփոխել թիկունքի անվտանգությանն առնչվող հրահանգները, իսկ Իսրայելի էկոնոմիկայի նախարարությանը լրացուցիչ լիազորություններ է տալիս՝ ռազմավարական կարևորության ձեռնարկությունների անխափան աշխատանքը թույլատրելու համար։
Ավելի վաղ, ԱՄՆ-ի, Իրանի, ինչպես նաև միջնորդի դերում հանդես եկող Պակիստանի պաշտոնյաները հաստատել էին Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնության ձեռքբերումը, որը նախատեսվում է ստորագրել հունիսի 19-ին Ժնևում։ Իրանի փոխարտգործնախարար Կազեմ Ղարիբաբադիի խոսքով՝ 60-օրյա զինադադարի ընթացքում կողմերը կքննարկեն նաև Թեհրանի միջուկային ծրագիրը։ Բացի այդ, հունիսի 15-ից դադարեցվում է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակումը, և բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, անհապաղ ու մշտական հիմունքներով դադարեցվում են ռազմական գործողությունները։