Նիկոլ Փաշինյանը ոչ մի կերպ չի ցանկանում հաշտվել անցած ընտրությունների արդյունքում ի հայտ եկած երկու կարևորագույն փաստի հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Առաջինն այն է, որ չնայած արտաքին լայնածավալ ու աննախադեպ աջակցությանը (իսկ տվյալ դեպքում՝ միջամտությանը), վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառմանն ու բազմաթիվ ապօրինություններին, Նիկոլ Փաշինյանին այդպես էլ չհաջողվեց ստանալ ընտրողների ձայների 50 տոկոսը։
Երկրորդ՝ չնայած ճնշումներին, կեղծիքներին ու մյուս խախտումներին, ֆիզիկական ու տեղեկատվական տեռորին, ընդդիմությունը (առնվազն անցողիկ շեմը հաղթահարած ուժերը) կարողացավ շուրջ 550 հազար ձայն ստանալ։
«Այս փաստի հետ Փաշինյանը փորձում է չհամակերպվել և հայտարարում է ընդդիմության ձայները կեղծված են, լեգիտիմ չէ ընդդիմությունը, ձայները ձեռք է բերել ընտրակաշառքով։
Լսիր, Նիկոլ Փաշինյան, այդ երկրում եթե կա մի ընտրակեղծարար, դու ես, եթե կա մի ոչ լեգիտիմ սուբյեկտ, դա դու ես ու քո քաղաքական թիմը։ Հետևաբար, ուզես թե չուզես, այս փաստի հետ հաշվի ես նստելու։ Ընդհանրապես, այս ձեռագիրը նույն ձեռագիրն է, բան չի փոխվել իրենց մոտ․ հանձնել Արցախը, ասել նախկիններն են արել, կեղծել ընտրությունները, մեղքը բարդել ընդդիմության վրա։ Եվ այս ամենի իմաստը ո՞րն է ՝ շարունակ խուսափել պատասխանատվությունից, շարունակ մեղքը բարդել ուրիշների վրա։ Ինչո՞ւ է այս պահին սա անում, ինչո՞ւ է սմս ուղարկել իր հանացագործ ռեժիմի ոհմակին, որ բոլորը հայտարարեն ընդդիմության ստացած քվեն կեղծված է։ Մի նպատակով, որպեսզի ապալեգիտիմացի ընդդիմությանը, դրանից հետո այն բոլոր հանցագործությունները, բռնաճնշումներ ապօրինություններն ընդդիմադիրների և նրանց ղեկավարների նկատմամբ, լինեն արդարացված։ Բայց չի ստացվելու, այս ճանապարհով որևէ արդյունքի չեք հասնելու, ուզեք թե չուզեք, հաշվի եք նստելու մեր ժողովրդի մեծամասնության կարծիքի հետ, իսկ մեծամասնությունը ձեր օգիտին չէ, առնվազն մեծամասնությունը ձեզ չի քվեարկել», – ընդգծել է Սաղաթելյանը։