Հորմուզի նեղուցով առևտրային նավագնացությունը կվերականգնվի միայն մի քանի ամիս անց․ Bloomberg

Հորմուզի նեղուցով առևտրային նավագնացությունը կարող է վերականգնվել միայն ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրի ստորագրումից մի քանի ամիս անց։ Այս մասին հայտնում է «Bloomberg» գործակալությունը՝ հղում անելով փորձագետներին։

Նրանց կանխատեսմամբ՝ «բեռնափոխադրումների նախապատերազմյան ծավալներին վերադառնալը» զգալի ժամանակ կպահանջի, քանի որ անհրաժեշտ է «վերականգնել նավատերերի, ապահովագրական ընկերությունների և նավթավերամշակման գործարանների վստահությունը»։ Հրապարակման մեջ նշվում է նաև, որ շատ գնորդներ արդեն հարմարվել են ստեղծված խափանումներին՝ ապահովելով մատակարարման այլընտրանքային աղբյուրներ ու երթուղիներ։

Չիկագոյում գործող «Karobaar Capital LP» ընկերության ներդրումային տնօրեն Հարիս Խուրշիդի խոսքով՝ «շուկան հակված է ջրային այս զարկերակի վերաբացումը դիտարկել որպես մի վայրկյանում միացող անջատիչ, սակայն իրականում դա ավելի շուտ տևական գործընթաց է»։ Փորձագետը նշել է, որ նեղուցի վերաբացումն ու առևտրային հոսքերի կարգավորումը «երկու տարբեր բաներ են»։ Շատ գնորդներ ամիսներ են ծախսել այլընտրանքային երթուղիներ, մատակարարներ ու պաշարներ գտնելու համար, և նեղուցի բացումից անմիջապես հետո հնարավոր է, որ չշտապեն վերադառնալ այնտեղ, հավելել է Խուրշիդը։

«Saxo Markets»-ի ներդրումային գլխավոր ռազմավար Չարու Չանանան նույնպես կարծում է, որ, չնայած Հորմուզի նեղուցի բացման լուրի շուրջ ստեղծված դրական տրամադրություններին, «գործնական իրականությունը, ամենայն հավանականությամբ, շատ ավելի բարդ կլինի»։ «Ականազերծումը, ապահովագրական ծախսերը, նավահանգիստների ծանրաբեռնվածությունն ու աշխարհաքաղաքական գործոնների ռիսկը կարող են դանդաղեցնել նավթային հոսքերի շարժը, իրականացնելով այն սպասվածից ավելի ցածր տեմպերով»,- ընդգծել է Չանանան։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Mehr» գործակալությունը, Հորմուզի նեղուցը լիովին կբացվի Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրի ստորագրումից հետո՝ 30 օրվա ընթացքում։ Գործակալության տվյալներով՝ մեկ ամսվա ընթացքում Վաշինգտոնը պարտավորվում է վերացնել իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը և դուրս բերել իր զորախումբն Իսլամական Հանրապետությանը սահմանակից շրջաններից։ Բացի այդ, Միացյալ Նահանգները պարտավորվում է բանակցությունների եզրափակիչ փուլի ընթացքում նոր հակաիրանական պատժամիջոցներ չսահմանել և նոր ուժեր չտեղակայել Մերձավոր Արևելքում։ Միևնույն ժամանակ, հրադադարի ռեժիմը պետք է ուժի մեջ մտնի անմիջապես և «բոլոր ճակատներում»՝ ներառյալ Լիբանանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *