ՊԵԿ–ը ներկայացրել է քայլ առ քայլ ուղեցուց, թե ինչպես սկսել և իրականացնել միկրոձեռնարկատիրական գործունեություն։
Յուրաքանչյուր հաջող բիզնես սկսվում է առաջին քայլից, իսկ առաջին քայլերն առավել վստահ են, երբ կա հասանելի և հանրամատչելի տեղեկատվություն: Նոր բիզնես սկսողներին և փոքր բիզնեսի ներկայացուցիչներին աջակցելու նպատակով ՀՀ պետական եկամուտների կոմիտեն նախաձեռնել է գործնական ուղեցույցների շարք, որոնք կհարապարակվեն ՊԵԿ պաշտոնական www.src.am կայքի գլխավոր էջում բացված «Բիզնեսը՝ քայլ առ քայլ» անվամբ պատուհանում։ Ուղեցույցներում պարզ և մատչելի ձևով կներկայացվեն հարկային համակարգում գործելու հիմնական քայլերը՝ պետական գրանցումից մինչև հաշվետվությունների ներկայացում և հարկերի վճարում։ Մեր առաքելության և տեսլականի կարևոր բաղադրիչներից է հարկ վճարողների իրազեկվածության բարձրացումն ու նրանց համար հասանելի, պարզ և գործնական տեղեկատվության ապահովումը։ Այս նախաձեռնության նպատակն է ձեռնարկատերերին օգնել՝ վստահ կողմնորոշվել իրենց գործունեության սկզբնական փուլում, խնայել ժամանակ և զարգացնել բիզնեսը։
Այս շարքի առաջին ուղեցույցում մանրամասն ներկայացվում են միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում գործունեություն սկսելու և իրականացնելու հիմնական քայլերը։ Անկախ նրանից՝ նախատեսում եք հիմնել փոքր բիզնես, մատուցել ծառայություններ, զբաղվել արտադրությամբ կամ իրականացնել այլ գործունեություն, կարևոր է նախապես ծանոթանալ գործունեության այն տեսակներին, որոնց դեպքում հնարավոր է գործել միկրոձեռնարկատիրության համակարգում, ապա ուսումնասիրել բիզնեսի գրանցման, հարկային մարմնում հաշվառվելու, հաշվետվությունների ներկայացման, հարկերի վճարման և այլ հիմնական ընթացակարգերն ու օգտվել փոքր բիզնեսի համար նախատեսված հարկային արտոնություններից։
Միկրոձեռնարկատիրության հարկման համակարգ
Եթե որոշել եք զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ և օգտվել փոքր բիզնեսի համար նախատեսված հարկային արտոնություններից, ապա պետք է ընտրեք միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում գործելու երկու տարբերակներից որևէ մեկը.
-
որպես ֆիզիկական անձ ՝ առանց պետական գրանցման,
-
որպես անհատ ձեռնարկատեր կամ կազմակերպություն։
Թե ո՞ր տարբերակն է կիրառելի հենց Ձեր դեպքում, ամբողջությամբ կախված է բիզնես գործունեության տեսակից։ Բայց հիշե՛ք, որ բոլոր դեպքերում Ձեր տարեկան շրջանառությունը չպետք է գերազանցի 24 միլիոն դրամը։
Եթե գործելու եք որպես ֆիզիկական անձ
Միկրոձեռնարկատիրության համակարգում որպես ֆիզիկական անձ գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.
-
ստուգել, արդյոք, այն գործունեությունը, որով զբաղվում եք կարող է գործել միկրոձեռնարկատիրության համակարգում
-
գրանցվել Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում
-
մինչև գործունեությունն սկսելը հարկային մարմին ներկայացնել հայտարարություն
-
մեկ աշխատանքային օրվա ընթացքում կտրամադրվի արտոնագիր, որով կհամարվեք միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող ֆիզիկական անձինք
-
ՉԵՆ ներկայացնում հաշվետվություններ և ՉԵՆ վճարում հարկեր
-
ՉԵՆ կարող իրենց գործունեության համար ներգրավել աշխատողներ
-
ՉԵՆ կարող կոմիսիայի կամ գործակալության պայմանագրերով ապրանքներ մատակարարել
Եթե գործելու եք որպես ԱՁ կամ կազմակերպություն
Միկրոձեռնարկատիրության համակարգում որպես անհատ ձեռնարկատեր կամ կազմակերպություն գործելու համար պետք է կատարել հետևյալ քայլերը.
-
որոշել գրանցվելու եք որպես անհատ ձեռնարկատեր, թե կազմակերպություն,
-
իրականացնել բիզնեսի պետական գրանցում կամ հաշվառում և ստանալ ՀՎՀՀ,
-
ստուգել, արդյոք, այն գործունեությունը, որով զբաղվում եք կարող է գործել միկրոձեռնարկատիրության համակարգում,
-
գրանցվել Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում,
-
20-օրյա ժամկետում հարկային մարմին ներկայացնել հայտարարություն։
Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ ԱՁ-ները և կազմակերպությունները
-
ՉԵՆ վճարում հարկեր, բացառությամբ՝ բնապահպանական, ճանապարհային, ապրանքների ներմուծման հարկերի,
-
ՉԵՆ ազատվում որպես հարկային գործակալ՝ ֆիզ. անձանցից պահվող եկամտային հարկից,
-
ՉԵՆ ազատվում տեղական հարկերից, պետական և տեղական վճարներից
-
Ներկայացնում են հաշվետվություն՝ նախորդ տարվա շրջանառության վերաբերյալ և եկամտային հարկի հաշվարկ, եթե ունեն գրանցված աշխատողներ
-
Անկանխիկ գործարքների, ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման դեպքում դուրս են գրում հաշվարկային փաստաթղթեր
-
Ձեռք են բերում և գրանցում ՀԴՄ, եթե կանխիկ կամ քարտով ստանում են վճարումներ։
Ուղեցույցի ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ՝ այստեղ։