Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերին առընթեր Ծովային առևտրային փոխադրումների համակարգման կենտրոնը (UKMTO) հայտնել է Եմենի ափերի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին, որի ընթացքում լցանավը գնդակոծվել է հակատանկային ռեակտիվ նռնականետից։
Կենտրոնի տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել Ադենից մոտ 11 ծովային մղոն դեպի հարավ-արևելք։ Նավին է մոտեցել չորս զինված անձանցով փոքրիկ շարժիչավոր նավակ, որից հետո կրակ է բացվել լցանավի ուղղությամբ։ Տուժածների կամ վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Կատարվում է քննություն, շրջանում նավարկող նավերին խորհուրդ է տրվել առավելագույն զգուշավորություն ցուցաբերել։
Ավելի վաղ UKMTO-ն հայտնել էր նաև նմանատիպ միջադեպի մասին Եմենի հարավային ափերի մոտ, որտեղ անհայտ անձինք փորձել էին բեռնարկղանավի տախտակամած բարձրանալ։