ԿԸՀ-ն պնդում է, թե երեք տեղամասերում քվեարկության արդյունքների չեղարկումն ազդեցություն չի ունեցել հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքի վրա։ Սա հիմնավորելու շատ պարզ տարբերակ կա. ցույց տալ, որ եթե չեղարկումները չլինեին, ԱԺ-ում մանդատների բաշխումը չէր փոխվի։ Հասարակ թվաբանության փոխարեն ԿԸՀ նախագահը ներկայացրել է իրավական ձևակերպումներով խճճված մի երկարաշունչ բացատրություն։
Այս փաստն ինքնին ցույց է տալիս, որ ԿԸՀ-ն կոպտորեն միջամտել ու փոխել է հանրության որոշումը։ Եթե հասարակ թվաբանությունը հաստատեր «ազդեցություն չի ունեցել» պնդումը, կներկայացվեր թվաբանությունը։ Ու ամենևին զարմանալի չէ, որ ԿԸՀ-ի չներկայացրած թվաբանությունը ցույց է տալիս, որ եթե չարվեին վերոնշյալ չեղարկումները, ԱԺ-ում ներկայացված ուժերի թիվը մեկով ավել կլիներ, իսկ Նիկոլ Փաշինյանը չէր ստանա մանդատների 3/5-ը։
Ընտրակեղծիքների հարուստ փորձ ունեցող Հայաստանում նման կարգի կեղծիք դեռ չէր եղել։
Քանի որ իշխանությունը չի կարող փոխել թվաբանության օրենքները, որոշել է փոխել հարցի քննարկման դաշտը՝ տեղափոխելով այն «բարոյական» հարթություն։
Նիկոլ Փաշինյանը չի ընդունում իր իսկ իշխանության կազմակերպած քվեարկության արդյունքը, որով հենց ինքն է հաղթել։ Ըստ վարչապետի, իր կուսակցությունը ստացել է «100% օրգանիկ քվե», իսկ մյուս ուժերը՝ «100%-ով ընտրակաշառքով քվե». «Առանց փողի նրանց օգտին ոչ մեկը չի քվեարկել, բացարձակապես ոչ մեկը»։
Սա անպատասխանատու և վտանգավոր հայտարարություն է, հատկապես այն պայմաններում, երբ չկա ուժի մեջ մտած դատական գեթ մեկ վճիռ, որը կհաստատի թեկուզ մեկ ձայնի գնում։
Ստանալով քվեների կեսից պակասը՝ վարչապետը փորձում է բարոյապես արժեզրկել իր օգտին չքվեարկած քաղաքացիների քվեները։
Նրա ասածի էությունը հենց դա է. կառավարող կուսակցությանը տրված քվեներն իրական են, դեմ տրվածները՝ ոչ։ Հետևաբար ոչ միայն կարելի է անտեսել այդ քվեները, այլև՝ չհարգել դրանց հետևում կանգնած մարդկանց դիրքորոշումը։
Երբ մասնակիցների կեսի ընտրությունը հայտարարվում է գնված ու կեղծ, իշխանությունն իրեն ազատում է այդ մարդկանց հետ հաշվի նստելու պարտավորությունից։ Այդ պահից օրենքը, դատարանը և նույնիսկ ընտրությունների պաշտոնական արդյունքը դադարում են որոշիչ լինել՝ փոխարինվելով իշխանության, ավելի ստույգ՝ մեկ անձի «բարոյական» դատավճռով։ Հենց այստեղ է հիմնական վտանգը. Հայաստանը շարժվում է դեպի այնպիսի ավտորիտարիզմ, որպիսին դեռ չի տեսել։
Գրել է Ռաֆայել Թերմուրազյանը
