Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ մտադիր է մասնակցել հաջորդ խորհրդարանական ընտրություններին և ակնկալում է հաղթել՝ երկրի նոր կառավարություն ձևավորելու և այն ղեկավարելու նպատակով։
«Ես մտադիր եմ մասնակցել և հաղթել առաջիկա ընտրություններում»,- ասել է նա։
Ավելի վաղ նրա «Լիկուդ» կուսակցությունը, որը գլխավորում է ներկայիս կառավարող կոալիցիան, հայտնել էր աշնանը սպասվող ընտրություններին մասնակցելու Նեթանյահուի ծրագրերի մասին։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ABC-ին տված հարցազրույցում ավելի վաղ կասկած էր հայտնել, որ Նեթանյահուն կրկին կառաջադրի իր թեկնածությունը։
Նեթանյահուն առաջին անգամ Իսրայելի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 1996 թվականին և դրանից հետո ընտրությունների արդյունքներով բազմիցս կառավարություններ է ձևավորել։ Ընդհանուր առմամբ, նա նախարարների կաբինետը գլխավորել է ավելի քան 18 տարի, ինչը ռեկորդային է երկրի պատմության մեջ։
Ներկայիս կառավարությունը ձևավորվել է 2022 թվականի վերջին՝ նույն տարվա նոյեմբերին անցկացված ընտրությունների արդյունքներով՝ «Լիկուդ» կուսակցության շուրջ ձևավորված կոալիցիայի հիման վրա, որում ընդգրկված են աջակողմյան և ուլտրաօրթոդոքսալ ուժերը։
Քնեսեթի լիազորությունների ժամկետը չորս տարի է, իսկ հաջորդ ընտրությունները նախատեսված են 2026 թվականի հոկտեմբերի 27-ին, եթե խորհրդարանը վաղաժամկետ չլուծարվի։ Ինքնալուծարման դեպքում քվեարկության ամսաթիվը կարող է տեղափոխվել ավելի վաղ ժամկետ։