Կառավարության նպատակն է պետական պարտքի մակարդակն իջեցնել 45%-ից․ Վահե Հովհաննիսյան

Առաջիկա տարիներին Հայաստանի կառավարության նպատակը կլինի պետական պարտքի մակարդակի 45%-ի շեմից իջեցնելը։ Այս մասին հունիսի 16-ին Ազգային ժողովի նիստում՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին հարցի քննարկման ժամանակ, հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Դա, նրա խոսքով, թույլ կտա բյուջետային եկամուտների կառուցվածքում պարտքի սպասարկման ծախսերը 12,1%-ից կրճատել մինչև 10%։ Նախարարի գնահատմամբ՝ սա, իր հերթին, հնարավորություն կտա ավելի շատ ռեսուրսներ ուղղել սոցիալական զարգացման և մարդկային կապիտալի զարգացման ոլորտների նախաձեռնություններին։

Հովհաննիսյանը նաև ընդգծել է, որ պարտքային բեռը 50%-ի մակարդակից ցածր պահելը Կառավարության առաջնահերթություններից է։ «2025 թվականին Կառավարության պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը կազմել է 47,2%՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 0,5 տոկոսային կետով»,- հավելել է ֆինանսների նախարարը։

Պաշտոնյայի խոսքով՝ նվազել է նաև պարտքային միջոցների ներգրավման արժեքը։ 2025 թվականին տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9,2%, ինչը 0,6 տոկոսային կետով ցածր է 2024 թվականի ցուցանիշից։ «Անցյալ տարի կառավարական վարկերի միջին կշռված տոկոսադրույքը նվազել է 0,3 տոկոսային կետով»,- եզրափակել է Վահե Հովհաննիսյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *