Եվրամիության երկրները պլանավորում են 20 մլրդ եվրո հատկացնել համայնքի սահմաններից դուրս գտնվող միգրանտների համար գործող կենտրոնների ֆինանսավորմանը։ Այս մասին հայտնել է բրիտանական «Financial Times» (FT) պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ հրապարակման տվյալների՝ «միգրացիոն վերահսկողությունն աութսորսինգի հանձնելու» մասին որոշումը դեռևս վերջնականապես չի ընդունվել, սակայն ԵՄ իշխանությունները նախատեսում են այս ծրագրի ֆինանսավորման դրույթը ներառել 2028-ից 2034 թվականների ժամանակահատվածի համար։ Նշվում է, որ 20 մլրդ եվրո գումարը կկազմի արտաքին քաղաքական գործունեության համար համայնքի բյուջեի շուրջ 10%-ը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԵՄ Խորհուրդը, քննարկվող առաջարկությունների փաթեթը ներառում է Եվրամիության սահմաններից դուրս միգրացիոն ճամբարների ստեղծման մասին կետ։ Դա պետք է լինի այն երկրներում, որոնք կհամաձայնեն ընդունել նման ճամբարները։ Այնտեղ ապաստան հայցողները, ովքեր մերժում են ստացել ԵՄ երկրների միգրացիոն իշխանություններից, կկարողանան սպասել համայնքից իրենց արտաքսման բողոքարկումների քննությանը, կամ մնալ այնքան ժամանակ, մինչև կկարգավորվի նրանց հայրենիք ուղարկելու հարցը։
Առաջիկա շաբաթներին այս փաստաթուղթը պետք է իրավաբանորեն հաստատվի ԵՄ Խորհրդի նիստում և Եվրախորհրդարանի նստաշրջանում, ինչը փոխզիջումային տեքստի համաձայնեցումից հետո դառնում է զուտ ձևականություն։