Ադրբեջանի հետ խաղաղության փաստը լեգիտիմություն ստացավ 2026 թվականին․ Փաշինյան

2025 թվականին Ադրբեջանի հետ արձանագրված խաղաղության փաստը 2026 թվականին լեգիտիմություն ստացավ։ Հունիսի 16-ին Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ դա տեղի ունեցավ «խորհրդարանական ընտրություններում Հայաստանի ժողովրդի կատարած ընտրության ու քվեարկության շնորհիվ»։ Փաշինյանի համոզմամբ՝ հենց 2025 թվականին դրվեցին այն հիմքերը, որոնք թույլ են տալիս անցնել նոր՝ որակապես նոր պետություն ձևավորելու օրակարգին։

Կառավարության ղեկավարը կարևորել է այն հանգամանքը, որ 2025 թվականին Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի շուրջ բանակցություններն ավարտելու և տեքստն ամբողջությամբ համաձայնեցնելու մասին։ «Այս իրադարձությունը հնարավոր դարձրեց խաղաղության հաստատումը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ու մասնակցությամբ», — նշել է վարչապետը։

Նրա գնահատմամբ՝ 2025 թվականը կարելի է համարել «հեղափոխական» իշխանությունների լավագույն տարին, ընդ որում՝ պետք է ձգտել, որ յուրաքանչյուր հաջորդ տարին գերազանցի նախորդին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *