«Կարողա շները հաչացել են, երեխեքն էլ վախից այլ տեղով են գետն անցել». անհետ կորած աղջիկների հարևան

Իրենք Արթիկից են, բայց հիմա Վանաձորում են ապրում, երեխաների մայրը շատ ուշադիր ծնող է, շատ ուշադիր է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց երեկ՝ հունիսի 15–ին, ենթադրաբար Փամբակ գետն ընկած 13 և 7 տարեկան քույրերի հարևանը։

«Հիմա քաղաքապետը, համայնքապետը, դպրոցը, բոլորն իր կողքին են։ Հիմա ծնողի վիճակը շատ վատ է, իրենք վարձով են ապրում։ Մենք իրեն շատ լավ ճանաչում ենք, մոտիկ ենք։ Իր երեխաներից մեկն իմ աղջկա դասարանից է։

Հիմա համացանցում գրում են, թե մայն անփույթ է եղել, չկա նման բան։ Ես կասկածում եմ, որ գուցե շները հաչել են, դրա համար խողովակի վրայով են անցել գետը։ Այդ տեղը պետք է փակել։ Ինչ–որ մեկն ասել է, որ ձայն են լսել, որ երեխան ասել է՝ «վախ, մամա ջան»։

Սա առաջին անգամ է, որ այդտեղով են գնացել, իրենք միշտ համախմբված կամրջով են գնացել։ Նույնիսկ երբեմն տաքսով են գնում «Օրրան»։

Հիմա պետք է աղոթենք, որ երեխաներին գտնեն, բերեն ծնողին տան։ Հիմ բոլորս էլ շատ վատ վիճակում ենք»,–ասաց նա։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր՝ հունիսի 15-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցի 3-րդ հատվածում երեխան ընկել է Փամբակ գետը։

Ավելի ուշ փրկարարները, պարեկներն ու ոստիկանները հայտնաբերել են Լոռու մարզում կորած երեխայի մորը, ով հայտնել է, որ 13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ, և հիմա երկուսն էլ չկան։

Այսօր վաղ առավոտից որոնողական աշխատանքները շարունակվում են։ Ներգրավված են փրկարար ծառայության՝ 115, ոստիկանության 86 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *