12-ամսյա բնականոն գնաճն ավելացել է՝ կազմելով 5․1%. ԿԲ դրամավարկային քաղաքականության ամփոփում

2026 թվականի 2-րդ եռամսյակի ընթացքում գնաճը Հայաստանում շարունակել է ձևավորվել թիրախից բարձր մակարդակում՝ մայիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմելով 4.2%: Այս մասին նշվում է ՀՀ ԿԲ Դրամավարկային քաղաքականության հաղորդագրության մեջ։

Ըստ զեկույցի` վերջինս հիմնականում պայմանավորված է բնականոն գնաճի արագացմամբ, որը ձևավորվում է թիրախից բարձր՝ տ/տ 5.1% մակարդակում։ Այն իր հերթին հիմնականում արտացոլում է ներմուծվող և տեղական ոչ սեզոնային պարենային ապրանքներից փոխանցվող գնաճային միտումները` պայմանավորված վերջին եռամսյակներում համաշխարհային տնտեսությունից փոխանցվող գնաճային ճնշումներով և ներքին տնտեսությունում առաջարկի որոշ գործոնների ազդեցությամբ։ Միևնույն ժամանակ, բնականոն գնաճի արագացումը վերջին ամիսներին, ըստ ապրանքախմբերի, կրում է ավելի համատարած բնույթ, ինչը, բացի առաջարկի գործոններից, հավանաբար վկայում է ձևավորված բարձր պահանջարկի պայմանների մասին։

Առաջիկայում, ՀՀ-ում գնաճի հետագծի շուրջ հիմնական անորոշությունները կապված են համաշխարհային պարենային շուկաներում ձևավորվող գնաճային միտումների տևականության և այդ համատեքստում՝ ներքին գների ճշգրտման արագության և չափի հետ: Մասնավորապես, ՀՀ-ում գնաճի արագացմանը կարող են նպաստել Մերձավոր Արևելքում լարվածության պահպանման պայմաններում ապրանքահումքային բարձր գների պահպանումն ու առևտրային ուղիների խաթարումներից բխող ազդեցությունները։

Ինչպես նշվում է ԿԲ Դրամավարկային քաղաքականության ամփոփիչ զեկույցում, 2026 թվականի առաջին եռամսյակում տնտեսական աճը Հայաստանում, այդ թվում՝ որոշ մեկանգամյա գործոնների ազդեցությամբ, որոշակիորեն դանդաղել է, սակայն դեռևս հարաբերականորեն բարձր է: Տնտեսական աճին շարունակել են մեծապես նպաստել
շինարարության և ծառայությունների ճյուղերը: Ծառայությունների ճյուղի բարձր ակտիվությունը հիմնականում պայմանավորված է պահանջարկի ընդլայնմամբ շարժվող ենթաճյուղերով՝ մատնանշելով տնտեսությունում ձևավորված բարձր պահանջարկի պայմանների մասին: Ավելին, նկատվում են նաև արտաքին պահանջարկի ընդլայնման ազդակներ՝ առավելապես արտահայտվելով դեպի ՀՀ զբոսաշրջային հոսքերի աճով։ Այս իրավիճակում, ընդհանուր պահանջարկի ազդեցությունը գնաճի վրա գնահատվում է ընդլայնող, թեև գնաճի վարքագծում դեռևս գերակշռում են առաջարկի գործոնները։ Մյուս կողմից՝ հարկաբյուջետային քաղաքականության առավել ընդլայնող դիրքի ձևավորման
ռիսկերը թուլացել են, իսկ մասնավոր աշխատավարձերի աճը և գնաճային սպասումները շարունակում են դրսևորել հիմնականում կայունացման միտումներ: Ավելին՝ արտահանման առանձին շուկաներում առաջացած խնդիրները կարող են հանգեցնել ՀՀ տնտեսությունում
եկամուտների նվազման, ինչպես նաև առանձին ապրանքների մասով ավելցուկային առաջարկի ձևավորման՝ պարունակելով առավելապես
գնանկումային ռիսկեր։

ԿԲ դրամավարկային քաղաքականության հաղորդագրություն

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *