ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ ապագա համաձայնագրի տեքստը կհանձնի Կոնգրեսի քննարկմանը և միաժամանակ խոստովանել է, որ սկզբում այդ մասին նույնիսկ չի էլ մտածել, փոխանցում է CNN հեռուստաալիքը։
«Այո՛, ես կանեի դա։ Ես երբեք չէի մտածել այն այնտեղ ուղարկելու մասին, մտքովս անգամ չէր անցել, բայց կանեմ։ Ես այն կուղարկեմ Կոնգրես»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ Ֆրանսիայում ընթացող «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին։
Թրամփի խոսքով՝ միտքն առաջացել է հենց քննարկումների ընթացքում։
«Ինձ դուր է գալիս այդ գաղափարը։ Ուղարկե՛ք այն Կոնգրես, խնդրեմ»,- հավելել է նա։
Ավելի վաղ Հարավային Կարոլինայից հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը հայտարարել էր, որ, ամերիկյան օրենսդրության համաձայն, Իրանի հետ ցանկացած միջուկային համաձայնագիր պետք է փոխանցվի Կոնգրեսին (քննարկման և քվեարկման համար)։
«Մեր օրենսդրության համաձայն՝ Իրանի հետ ցանկացած միջուկային համաձայնագիր կուղարկվի Կոնգրես՝ քննարկման և քվեարկության։ Ես անհամբերությամբ սպասում եմ փաստաթղթի վերջնական տարբերակն ուսումնասիրելու հնարավորությանը և չափազանց կարևոր եմ համարում, որ գործարքի ճարտարապետը՝ փոխնախագահ Վենսը, և բանակցություններում նրա գործընկերները մասնակցեն համաձայնագիրը Կոնգրեսին ներկայացնելու գործընթացին»,- նշել է սենատորը։