Հունգարիայի խորհրդարանն աջակցել է սահմանադրական փոփոխությանը, որը սահմանափակում է վարչապետի պաշտոնավարման ժամկետը ութ տարով, հայտնում է BBC News-ը։
Այս որոշումը դիտարկվում է որպես երկրի նոր վարչապետ Պետեր Մադյարի խոստման կատարում, որն ուղղված է նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի՝ իշխանության վերադարձը կանխելուն։
Օրբանը Հունգարիան անընդմեջ ղեկավարել է 16 տարի, մինչև Մադյարի «Տիսա» կուսակցությունը ապրիլին անցկացված ընտրություններում նրան հեռացրեց իշխանությունից՝ ստանալով երկու երրորդի մեծամասնություն, ինչը հնարավորություն ընձեռեց փոփոխություններ մտցնել սահմանադրության մեջ։
Ըստ փոփոխության՝ 1990 թվականից ի վեր ոչ մի վարչապետ չի կարող պաշտոնը զբաղեցնել երկու ժամկետից ավելի, նույնիսկ եթե դրանք հաջորդական չեն։
Օրբանի պարտություն կրած «Ֆիդես» կուսակցությունը քվեարկել է նախաձեռնության դեմ։ Ինքը՝ Օրբանը, որը հանգստյան օրերին վերընտրվել էր կուսակցության առաջնորդ, խիստ քննադատել է որոշումը։
«Օրբանի օրենքը հենց նոր ընդունվեց։ Դա ամենահրատապ հարցն էր։ Եթե ես պետք եմ, ես այստեղ եմ»,- գրել է նա Facebook-ում։
Օրբանը հայտարարել է, որ «Տիսա» կուսակցությունն իշխանության ղեկին է ընդամենը մեկ ամիս և «չպետք է երազի» առաջիկա ութ տարիների մասին։
«Տիսայի» գերմեծամասնության շնորհիվ փոփոխությունն ընդունվել է 135 կողմ և 50 դեմ ձայներով և այժմ սպասում է երկրի նախագահի ստորագրմանը։