Ֆինանսավորման ներկայիս մակարդակի դեպքում Մեծ Բրիտանիայի զինված ուժերը հնարավոր է կրճատեն ակտիվությունը

Մեծ Բրիտանիայի զինված ուժերի գլխավոր հրամանատար, ավիացիայի մարշալ Ռիչարդ Նայթոնը նախազգուշացրել է, որ երկրի զինված ուժերը ստիպված կլինեն կրճատել մարտական պատրաստության և օպերատիվ գործունեության ծավալները, եթե ֆինանսավորումը ներկայիս ծրագրերից ավելի չավելացվի, հայտնում է BBC News-ը։

Նայթոնը հայտարարել է, որ պաշտպանական ներդրումների կառավարական ծրագիրը կարճաժամկետ հեռանկարում բանակի ամենօրյա գործունեությունը պահպանելու համար բավարար ֆինանսավորում չի նախատեսում։

Ըստ նրա՝ խոսքն այն միջոցների մասին է, որոնք ապահովում են օպերատիվ ակտիվությունը, զորավարժությունները և մարտական պատրաստությունը։ Առանց ֆինանսական ծրագրում փոփոխությունների՝ այդ ուղղությունները կհայտնվեն ճնշման տակ։

Ավելի վաղ Ջոն Հիլին հրաժարական էր տվել Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնից՝ հայտարարելով, որ ֆինանսավորման առաջարկվող մակարդակը «կնվազեցնի զինված ուժերի մարտական պատրաստվածությունը և կմեծացնի վտանգը զինծառայողների համար գործողությունների ժամանակ»։ Հայտարարության մեջ նա ընդգծել է, որ իր հեռացումն անհրաժեշտ էր «բրիտանական զինված ուժերի և երկրի միջազգային դաշինքների ապագան ապահովելու համար»։

Հիլին միաժամանակ քննադատել է գանձապետարանը՝ պնդելով, որ Մեծ Բրիտանիայի հնարավոր հակառակորդները չեն հետևում կառավարության բյուջետային ժամանակացույցերին։

Մեծ Բրիտանիայի կառավարությունն ավելի վաղ հայտարարել էր մինչև 2035 թվականը պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 3,5%-ին հասցնելու ծրագրերի մասին՝ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների առջև ստանձնած պարտավորությունների շրջանակում։

Պաշտպանական ներդրումների ծրագրի հրապարակումը հետաձգվել էր Հիլիի հրաժարականից հետո։ Նոր պաշտպանության նախարարն այժմ վերանայում է միջոցների բաշխումը, սակայն լրացուցիչ ֆինանսավորման մասին դեռևս չի հաղորդվել։

Հիլին ավելի վաղ պնդում էր, որ գործող ծրագիրը նախատեսում է ծախսերի չափազանց դանդաղ աճ և չի ապահովում առաջիկա տարիներին զինված ուժերի մարտունակության արագացված բարձրացում։

Ըստ նրա՝ մինչև 2030 թվականը ՆԱՏՕ-ի շատ երկրներ պաշտպանության վրա կծախսեն ՀՆԱ-ի 3%-ը և ավելին, և Մեծ Բրիտանիան չպետք է հետ մնա։

Նրա հրաժարականից հետո հեռացել է նաև զինված ուժերի հարցերով նախարար Ալ Քարնսը՝ հայտարարելով, որ պաշտպանական ծրագրում ներդրումների մակարդակը բավարար չէ և հաշվի չի առնում պատերազմ վարելու ժամանակակից ձևերի զարգացումը, ներառյալ՝ անօդաչու տեխնոլոգիաները։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ կառավարությունն ավելացնում է պաշտպանական բյուջեն ՀՆԱ-ի 2,3%-ից մինչև 2,6% և միջոցներ է վերաբաշխում այլ գերատեսչություններից։

Նա հայտնել է նաև, որ պաշտպանության նոր նախարարն արդեն մասնակցում է պաշտպանական ծրագրի շրջանակում առաջնահերթությունների և ծախսերի կառուցվածքի վերանայմանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *