Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է Լա Մանշում բրիտանական զբոսանավի ուղղությամբ արձակված նախազգուշական կրակոցների մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «Ադմիրալ Գրիգորովիչ» ֆրեգատի անձնակազմը Լա Մանշ նեղուցում նախազգուշական կրակոցներ է արձակել բրիտանական Bright Future առագաստանավի ընթացքի ուղղությամբ, որը, ռուսական կողմի վարկածով, վտանգավոր կերպով մոտեցել էր ռազմական նավին։

Ըստ գերատեսչության հաղորդագրության՝ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 16-ին՝ 12:45-ի սահմաններում։ Ռուս զինվորականները հայտարարել են, որ Մեծ Բրիտանիայի դրոշի ներքո գտնվող զբոսանավը ընթացել է ֆրեգատին մոտենալու կուրսով և չի պատասխանել միջազգային ռադիոալիքով կապ հաստատելու փորձերին։

ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ֆրեգատի անձնակազմը նախ օգտագործել է ազդանշանային հրթիռներ և ձայնային ազդանշաններ՝ զբոսանավի անձնակազմի ուշադրությունը գրավելու համար։ Այն բանից հետո, երբ նավերի միջև հեռավորությունը կրճատվել է մինչև մոտ 150 մետր, նավի հրամանատարը որոշում է ընդունել հրաձգային զենքից «նախազգուշական կրակ» բացել զբոսանավի շարժման ընթացքի ուղղությամբ։

Ռուսական կողմի պնդմամբ՝ նախազգուշական կրակոցներից հետո զբոսանավը փոխել է կուրսը և սկսել է հեռանալ ռազմական նավից։

Գերատեսչությունում ընդգծել են, որ ֆրեգատի անձնակազմը գործել է նավագնացության միջազգային կանոններին համապատասխան և ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ միջադեպը կանխելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *