Իսրայելցի պաշտոնյաները մտավախություն ունեն, որ Իրանը կօգտագործի ԱՄՆ-ի հետ համաձայնեցված հուշագրի շրջանակներում նախատեսված 60-օրյա բանակցությունները՝ սեփական միջուկային հավակնություններն առաջ տանելու և միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ աշխատանքները շարունակելու համար։ Այս մասին հայտնում է «Channel 12» հեռուստաալիքը՝ հղում անելով Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաներին։
Ըստ այդ տվյալների՝ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին մտադիր չէ ԱՄՆ-ի հետ վերջնական միջուկային համաձայնագիր կնքել։ Իսրայելի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները հեռուստաալիքին հայտնել են նաև, որ Թեհրանը «ձգձգելու է գործընթացը, և բանակցությունների համար նախատեսված 60 օրը կվերածվի շատ ավելի երկար ժամկետի»։
Միևնույն ժամանակ, հեռուստաալիքի զրուցակիցները նշում են, որ դեռևս հստակ չէ, թե հատկապես ինչ է ներառված Վաշինգտոնի և Թեհրանի միջև փոխըմբռնման հուշագրում, քանի որ թե՛ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, թե՛ իրանցի պաշտոնյաները հանդես են գալիս հակասական հայտարարություններով։
Այս համատեքստում աղբյուրներն ուշադրություն են հրավիրում իրանական կողմի այն հայտարարությանը, թե համաձայնագիրը Թեհրանին թույլ կտա ինքնուրույն որոշել Իրանի տարածքում հարստացված ուրանի նոսրացման հարցը։
Իսրայելցի փորձագետները, վերլուծելով գործարքի վերաբերյալ տվյալները, կասկածամտորեն են մոտեցել Իրանի միջուկային ծրագրի հիմնախնդրի կարգավորման հեռանկարներին։ Նրանցից շատերի կարծիքով՝ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք կնքված համաձայնագիրը, որը սահմանափակում էր այդ ծրագիրը, ռումբի ստեղծումը կանխելու ավելի ամուր երաշխիքներ էր պարունակում, հայտնում է «Channel 12»-ը։