
ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում մի քանի օր է` լարված իրավիճակ էր ստեղծվել՝ կապված տնօրենի պաշտոնակատարի փոփոխության հետ, որը առաջացրել էր աշխատակիցների դժգոհությունը։
ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանը օրերս հրապարակավ հայտարարել էր, որ իր՝ որպես ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունների ժամկետը լրացել է։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ նրան խոստացել էին կրկին երկարաձգել պաշտոնավարումը, սակայն նրա փոխարեն բոլորովին այլ մարդ էր նշանակվել։
Այս փոխատեղումը չափազանց տարօրինակ է, եթե հաշվի առնենք Կարեն Պետրոսյանի քաղաքական անցյալն ու ներկան։ Նա ժամանակին Գարեգին Բ Կաթողիկոսի դեմ պայքարող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման գլխավոր առաջամարտիկներից ու կազմակերպիչներից էր, իսկ այսօր էլ շարունակում է մնալ գործող իշխանության և անձամբ Նիկոլ Փաշինյանի անվերապահ երկրպագուներից մեկը։
Ստացվում է մի իրավիճակ, երբ անգամ տարիների ընդգծված հավատարմությունը, իշխանական ամենառադիկալ օրակարգերը սպասարկելը երաշխիք չեն հանդիսանում այս քաղաքական թիմի համար։
Այս ամենի ֆոնին, բուհի անձնակազմն էր հանդես եկել պաշտոնական հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.
«Ճգնաժամ և բոյկոտ՝ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում։ Սիրելի՛ հայրենակիցներ, գործընկերներ, ուսանողներ և ԶԼՄ ներկայացուցիչներ, ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական և վարչական կազմը հայտարարում է անժամկետ գործադուլ և դասադուլ։ Այս ծայրահեղ քայլին ենք դիմում՝ ի նշան բողոքի ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գրիգորյանի կողմից կայացված անհիմն, կամայական և անօրինական որոշման, որով դադարեցվել են մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանի լիազորությունները և տնօրենի նոր պաշտոնակատար է նշանակվել Մարատ Ասլանյանը։ Այս նշանակումը ոչ միայն անտեսում է կոլեկտիվի կամքն ու տարիների ընթացքում ձևավորված ձեռքբերումները, այլև ուղղակիորեն վտանգում է բուհի բնականոն գործունեությունն ու կայունությունը։ Մենք պահանջում ենք չեղարկել այս որոշումը և հարգել Գյումրու մասնաճյուղի ինքնավարությունն ու կոլեկտիվի տեսակետը։ Մեր պայքարը հանուն արդարության է, և մենք չենք դադարեցնելու բոյկոտը, քանի դեռ մեր օրինական պահանջները չեն բավարարվել»։
Տեղեկացանք, որ երեկ ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը բավարարել է Գյումրու մասնաճյուղի աշխատակիցների պահանջը և կրկին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Կարեն Պետրոսյանին։
Այս որոշումը համալսարանի պաշտոնական էջում գնահատվել է որպես «արդարության վերականգնում»։ «Արդարությունը վերականգնված է, համալսարանի բնականոն գործունեությունը՝ ևս»,- նշված է համալսարանի հայտարարության մեջ։
Մեր տեղեկություններով, սա ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանի անձնական որոշումն էր եղել Կարեն Պետրոսյանին փոխարինել ուրիշով, սակայն իրավիճակի սրացումից և բողոքի գործողություններից հետո ստիպված է եղել վերանայել որոշումը և Կարեն Պետրոսյանին կրկին վերադարձել է իր նախկին պաշտոնին։Ուշագրավ է, որ ստեղծված իրավիճակում գյումրեցիները մի քանի դիտարկում են արել` Կարեն Պետրոսյանին հիշեցնելով, որ կյանքում բումերանգի օրենքը գործում է, հատկապես երբ խոսքը վերաբերում է անարդար կամ միակողմանի որոշումներին։ Նրանք Կարեն Պետրոսյանին հիշեցրել էին Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի երկարամյա տնօրեն Աշոտ Կուրղինյանի դեպքը, որին ազատեցին անարդարացիորեն և հիվանդանոցի տնօրեն նշանակեցին Կարեն Պետրոսյանի քեռու որդուն` Ժորժիկ Սերոբյանին։