Ուկրաինայում Եվրամիության դեսպան Կատարինա Մատերնովան հայտարարել է, որ 2030 թվականը «իրատեսական ժամկետ» է ԵՄ-ին երկրի անդամակցության համար։ Բոլորը տեսնում են, որ Ուկրաինան պատրաստ է կատարել անդամակցության պայմանները, նշել է նա։ «Բանակցային կլաստերները բազմաթիվ փոփոխություններ կպահանջեն, սակայն այժմ մենք խոսում ենք կոնկրետ ոլորտներում պաշտոնական տեխնիկական բանակցությունների մասին», — ասել է Մատերնովան։ Նրա խոսքով՝ հետագա ժամկետները կախված կլինեն այն բանից, թե որքան արագ Ուկրաինան կկարողանա իրականացնել անհրաժեշտ օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումները։
Դեսպանը նաև հույս է հայտնել, որ բանակցային մնացած կլաստերները կհաջողվի բացել արդեն այս ամռանը։ Դրանից հետո Կիևը պետք է անցնի լրացուցիչ համաձայնեցումների փուլ և կատարի մի շարք միջանկյալ պահանջներ, սակայն ուկրաինական օրենսդրության՝ ԵՄ նորմերին համապատասխանեցման ներկայիս մակարդակը, Մատերնովայի կարծիքով, արդեն իսկ թույլ է տալիս սկսել անդամակցության շուրջ առարկայական բանակցությունները։
Հունիսի 15-ին Եվրամիությունը պաշտոնապես բացեց Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունների առաջին կլաստերը։ Արարողությունը տեղի ունեցավ Լյուքսեմբուրգում՝ ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ։ Բանակցային գործընթացը բաժանված է վեց թեմատիկ կլաստերների, որոնք ընդգրկում են օրենսդրության և քաղաքականության տարբեր ոլորտներ։ Դրանցից առաջինը նվիրված է հիմնարար հարցերին, այդ թվում՝ իրավունքի գերակայությանը, ժողովրդավարական ինստիտուտների աշխատանքին և պետական համակարգի գործունեությանը։ «Մեզ անհրաժեշտ էր անդամ պետությունների միջև հասնել համապատասխան միահամուռության և կոնսենսուսի։ Օրենքների և նորմատիվ ակտերի այսպիսի բարդ համալիրի ընդունումը հեշտ գործ չէ», — պարզաբանել է Մատերնովան։
Առաջին կլաստերի բացումը նշանակում է անցում կատարել նախապատրաստական փուլից դեպի գործնական աշխատանք (ապագա անդամակցության պայմանների շուրջ)։ Այս գործընթացի շրջանակներում Եվրամիությունը գնահատելու է եվրոպական չափանիշներին ազգային օրենսդրության համապատասխանությունը և կոնկրետ ոլորտներում բարեփոխումների ընթացքը։