Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն Արամ Ղազարյանը զրուցել է 7-ամյա աղջնակի մարմինը Փամբակ գետից դուրս բերած ջրասուզակի հետ։
Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 17–ին, ժամը 9․30-ի սահմաններում, Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայրից մոտ 500 մ հեռավորության վրա, հայտնաբերվել է հունիսի 15-ից որոնվող 2018 թվականի ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը։
Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա աղջնակի դին հայտնաբերել է Սևանի ջրասուզակ Վահե Մելքոնյանը։
Հիշեցնենք՝ հունիսի 15-ին՝ ժամը 14։45-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցում երեխան ընկել է գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Նույն օրը՝ ժամը 17․05-ին, 112 է զանգահարել նաև մի քաղաքացի և հայտնել, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս են եկել և չեն հասել նախատեսված վայր։ Սկսվել են որոնողական աշխատանքները։
Որոնողական աշխատանքները տեղում համակարգում է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը։ Ներգրավված են փրկարար ծառայության, ոստիկանության ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։
Վանաձորցիները պատմում են, որ խողովակի վրայից անցնելիս փոքր քույրն ընկել է Փամբակ գետը, մեծն էլ ձեռքը տվել է, որ օգնի, սղացել է, ինքն էլ է ընկել ջուրը։