Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանի և Իսրայելի միջև ընթացող բանակցությունները կապված չեն Մերձավոր Արևելքում հակամարտությունների կարգավորման շուրջ ամերիկա-իրանական պայմանավորվածությունների հետ։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը։
Չորեքշաբթի օրն ունեցած իր ելույթում Աունն ընդգծել է, որ Բեյրութը երաշխիքներ է ստացել այն մասին, որ բանակցությունների լիբանանյան ուղղությունը մնում է ինքնուրույն։
«Մեր ստացած հավաստիացումները և մեր սկզբունքային դիրքորոշումն այն է, որ բանակցություններում Լիբանանի ուղին անկախ է։ Սրա հետ մեկտեղ, մենք, անշուշտ, կողմ ենք հրադադարին և ողջունում ենք ցանկացած երկրի, այդ թվում՝ Իրանի օգնությունը», — ասված է նախագահի հայտարարության մեջ։
Այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Իրանն ու Պակիստանը հայտնել են, թե Լիբանանը ներառված է ամերիկա-իրանական համաձայնագրի շրջանակներում։
Աունը շեշտել է, որ բանակցությունների վերաբերյալ որոշումները կայացնում է բացառապես լիբանանյան պետությունը։
«Լիբանանյան պետությունն ինքնուրույն է որոշումներ կայացնում, և առաջին անգամ է, որ հենց ինքն է վարում բանակցությունները։ Ոչ ոք մեր անունից բանակցություններ չի վարում», — հայտարարել է նախագահը։
Աունի այս խոսքերը հնչել են իսրայելա-լիբանանյան բանակցությունների հինգերորդ փուլի նախաշեմին, որը նախատեսված է անցկացնել հաջորդ շաբաթ Վաշինգտոնում։