ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում Ջեյ Քլեյթոնի թեկնածության հաստատման լսումները հետաձգելու մասին։ Նա իր այս որոշումը կապել է FISA-ի (Արտասահմանյան հետախուզության հսկողության մասին օրենք) լրտեսական ծրագրի երկարաձգման և ընտրողների գրանցման ժամանակ քաղաքացիության պարտադիր հաստատման օրինագծի շուրջ ընթացող քաղաքական վեճերի հետ։
Truth Social սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ Թրամփը նշել է, որ չորեքշաբթի օրը նախատեսված Քլեյթոնի թեկնածության հարցով լսումները չեղարկվում են։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ ավելի վաղ հանրապետականները համաձայնել էին հրաժարվել Ուիլյամ Փուլտեին ազգային հետախուզության տնօրենի պաշտոնակատար նշանակելու մտքից՝ փոխարենը դեմոկրատներից ստանալով FISA օրենքի 702-րդ հոդվածի երկարաձգման աջակցությունը։ Սակայն հետագայում, ինչպես նշել է Թրամփը, դեմոկրատները հրաժարվել են կողմ քվեարկել այդ օրինագծին։
Միացյալ Նահանգների նախագահը նաև հավելյալ պայման է առաջադրել. FISA ծրագրի լիազորությունների երկարաձգումը պետք է ուղեկցվի «SAVE AMERICA ACT» օրինագծի ընդունմամբ, որը նախատեսում է ընտրողների գրանցման ժամանակ քաղաքացիության պարտադիր հաստատում և ընտրատեղամասերում անձը հաստատող փաստաթղթի ներկայացում։
Բացի այդ, Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ Քլեյթոնին տեղափոխել Նյու Յորքի Հարավային օկրուգի դատախազի իր ներկայիս պաշտոնից, քանի դեռ Սենատը չի հաստատել նրա հավանական հաջորդին՝ նախկին դաշնային դատախազ և նախագահի անձնական փաստաբան Ջեյմի Մակդոնալդին։
Ինչպես նշում է Associated Press գործակալությունը, Քլեյթոնի թեկնածությունը դիտարկվել է արագացված ընթացակարգով՝ FISA-ի 702-րդ հոդվածի ժամկետի լրանալուց հետո։ Այս հոդվածը ամերիկյան հետախուզության հիմնական գործիքներից է, որը թույլ է տալիս առանց դատարանի թույլտվության տեղեկություններ հավաքել ԱՄՆ տարածքից դուրս գտնվող օտարերկրյա քաղաքացիների մասին։
Այս ծրագիրն արդեն երկար տարիներ վեճերի առիթ է դառնում ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների շրջանում։ Դրա քննադատները կարծում են, որ այն ԱՄՆ քաղաքացիների տվյալների հավաքագրման ռիսկեր է պարունակում և կարող է օգտագործվել՝ խախտելով մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը։
Ծրագրի գործողության ժամկետը երկարաձգելու համար անհրաժեշտ է Կոնգրեսի հավանությունը։ Սենատում համապատասխան օրինագիծը պետք է հավաքի առնվազն 60 ձայն, մինչդեռ հանրապետականներն ունեն ընդամենը 53 տեղ։
Սենատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չակ Շումերը հայտարարել է, որ Փուլտեին ազգային հետախուզության տնօրենի պաշտոնակատար նշանակելը զգալիորեն բարդացրել է երկկուսակցական համաձայնության հասնելը։ Դեմոկրատները մտավախություն ունեն, որ նա կարող է օգտագործել հետախուզական համայնքի լիազորությունները նախագահի քաղաքական ընդդիմախոսների դեմ հետաքննություններ անցկացնելու համար։
Միևնույն ժամանակ, Դեմոկրատական կուսակցության մի շարք ազդեցիկ ներկայացուցիչներ ավելի վաղ իրենց աջակցությունն են հայտնել ազգային հետախուզության ղեկավարի պաշտոնում Քլեյթոնի թեկնածությանը։