«Հալածված» ընդդիմադիր Վահե Հակոբյանը՝ «Մաքուր երկաթի գործարանի» ստվերային կառավարի՞չ

Սյունիքի նախկին մարզպետ, ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հակոբյանը հրապարակային դաշտում ներկայանում է որպես հալածվող ընդդիմադիր, սակայն փաստերը, կարծես, այլ բան են ասում։

Ըստ հետաքննական տարբեր հրապարակումների, Վահե Հակոբյանը ձևականորեն հեռացել է «Մաքուր երկաթի գործարան»-ից, սակայն իրականում շարունակում է վերահսկել այն՝ իր վստահելի անձանց միջոցով։

Դրա վառ ապացույցներից մեկը 2025 թվականի սեպտեմբերի 24-ին կայացած «Մաքուր երկաթի գործարանի» բաժնետերերի արտահերթ ժողովի որոշումն է, ըստ որի՝ դադարեցվել է տնօրենների խորհրդի անդամ Տիգրան Մամիկոնյանի լիազորությունը, իսկ խորհրդի կազմում ընտրվել է Միլենա Գասպարյանը։


Միլենա Գասպարյանը նախկինում Վահե Հակոբյանի խորհրդականն է եղել, ընդգրկվել «Վերածնվող Հայաստան» կուսակցության քաղաքական թիմում։ Սա լուրջ հիմքեր է տալիս ենթադրելու, որ Հակոբյանը շարունակում է ազդեցություն ունենալ գործարանի կառավարման վրա։

Հակոբյանի ընտանիքի ներգրավվածությունը գործարանում նոր չէ։ Նրա եղբայրը՝ Կարեն Հակոբյանը, երկար ժամանակ զբաղեցրել է գործարանի գլխավոր տնօրենի պաշտոնը։

2024 թվականի սեպտեմբերին Կարեն Հակոբյանը ձերբակալվել է տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործի շրջանակում։ Նրան վերագրվում են նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեղադրանքներ։ Չնայած գործի աղմկահարույց լինելուն՝ այն շարունակում է մնալ փակ և հանրային վերահսկողությունից դուրս։

«Մաքուր երկաթի գործարանը» սերտորեն կապված է գերմանական «Քրոնիմետ» հոլդինգի հետ, որը տարիներ շարունակ հանդիսացել է ընկերության հիմնական գործընկերներից և բաժնետերերից մեկը։ Տարբեր ժամանակահատվածներում նրա մասնաբաժինը նշվել է 51%-ից մինչև 60%։ 2024-2025թթ. հաշվետվությունների համաձայն՝ «Քրոնիմետը» շարունակում է մնալ ռազմավարական գործընկեր և խոշոր բաժնետեր։

Հիշենք, որ 2020-2021-ին Վահե Հակոբյանը անխնա քննադատում էր ՔՊ-ական իշխանություններին և հատկապես Նիկոլ Փաշինյանին։ Սակայն ավելի ուշ նրա ղեկավարած «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը դուրս եկավ «Հայաստան» խմբակցությունից, ակտիվ քաղաքական գործընթացներից՝ լռելով և փաստացի դադարեցնելով գործունեությունը։

Փաշինյանն ընդդիմադիր եղած ժամանակ իր ելույթներում հաճախ էր ակնարկում, որ Սյունիքի հանքերի շահագործումից ստացված եկամուտները թալանվել են և կուտակվել մի քանի անձանց, այդ թվում՝ Վահե Հակոբյանի և նրա հետ կապված գործարարների ձեռքում: Նա անդրադարձել է նաև գերմանական «Քրոնիմետ» ընկերությանը, որի ղեկավարներից է Յուրգեն Պիլարսկին։ Այս առումով էլ Փաշինյանն ակնարկել է, թե նախկին իշխանությունների օրոք ստեղծվել են կոռուպցիոն սխեմաներ, որոնք թույլ են տվել արտահանել հումքն առանց պատշաճ հարկման:

2021 թվականին Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցի ժամանակ տեղի ունեցած միջադեպերից հետո Փաշինյանը Վահե Հակոբյանին և նրա թիմակիցներին անվանել է «խուլիգաններ» և խոստացել «վնասազերծել» բոլոր նրանց, ովքեր խոչընդոտում են պետության զարգացմանը:

2022-ին էլ՝ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանն ակնարկելով Հակոբյանին, ասել էր.

«Հերիք է գաք այստեղ, կոկորդիլոսի արցունքներ թափեք…կամ Սյունիքի մասին խոսողները։ Հենա՝ գլուխները կախ ընդունեցին իրենց մեղքը, ներում խնդրեցին, 15 միլիարդ էլ վճարեցին պետական բյուջե։ Էդ դո՞ւք եք խոսում Սյունիքի մասին, այ թալանչիներ»։

Դրանից հետո Վահե Հակոբյանը կոշտ գնահատականներ է հնչեցրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին՝ նրան բնութագրելով որպես «անկայուն հոգեվիճակ ունեցող անձ»։

Թեմայի վերաբերյալ հաղորդագրություն, էր տարածել նաև ՊԵԿ-ը, նշելով, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի նախկին ղեկավարներից մեկին առնչվող ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում պետական բյուջե է վերականգնվել աննախադեպ՝ շուրջ 15մլրդ ՀՀ դրամ գումար։

2025 թվականի նոյեմբերին Վահե Հակոբյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում՝ ծառայողական լիազորությունների չարաշահման, և փողերի լվացման հոդվածներով։

Միաժամանակ, Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ։ Պահանջվել է բռնագանձել՝ 9 անշարժ գույք, 3 տրանսպորտային միջոց, հարյուրավոր միլիոն դրամների և միլիոնավոր դոլարների ակտիվներ, ինչպես նաև միլիարդավոր դրամների ծագմամբ չհիմնավորված միջոցներ։

Նշենք, որ Oragir.News-ը պաշտոնական հարցում էր ուղարկել «Մաքուր երկաթի գործարան»-ի հիմնական բաժնետերերից մեկին՝ Գյունտեր Պիլարսկուն՝ խնդրելով պարզաբանել՝ արդյոք Միլենա Գասպարյանի նշանակումը չի վկայո՞ւմ, որ Վահե Հակոբյանը շարունակում է մնալ իրական շահառու, և ընկերության աշխատակիցները կարո՞ղ են ազդեցություն ունենալ առաջիկա ընտրությունների ընթացքի վրա։ Մինչ օրս այս հարցերին պատասխան չի տրվել։

Oragir.News-ը փորձեց պարզել՝ ինչն է պատճառը, որ կազմակերպությունը չի պատասխանում լրատվամիջոցի գրավոր հարցմանը։

«Ում որ ուղղել եք Ձեր հարցումը՝ փոխանցվել է նրանց»,- պատասխանեց «Մաքուր երկաթի»-ի աշխատակիցը։

Oragir.News-ի հարցին՝ այժմ ումի՞ց պետք է սպասել պատասխան, մեր զրուցակիցը նշեց, որ տեղյակ չէ՝ հավելելով, որ եթե հարցի վերաբերյալ որևէ տեղեկություն ունենան, կկապվեն։

Այսպիսով՝ ենթադրելի է, որ Վահե Հակոբյանը՝ պահպանելով ընդդիմադիր գործչի իմիջը, կարող է շարունակել վերահսկել ռազմավարական նշանակություն ունեցող արդյունաբերական ակտիվ՝ մնալով ստվերում։ Իսկ իրավապահ համակարգի պասիվությունն այս ֆոնին միայն ավելի է խորացնում կասկածները։

Հասմիկ Մովսիսյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *