Թրամփն Իսրայելին «ողջամտության» կոչ է արել Լիբանանի դեմ գործողություններում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար, որպեսզի Իսրայելը «ողջամտություն» ցուցաբերի Լիբանանի դեմ ռազմական արշավի ընթացքում՝ միևնույն ժամանակ աջակցելով Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին, հաղորդում է CNN հեռուստաալիքը։

«Ո՛չ, ես ուզում եմ, որ Իսրայելը կարողանա պաշտպանել իրեն, բայց ես իսկապես ուզում եմ, որ նրանք ողջամտություն ցուցաբերեն»,- «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի շրջանակում անցկացված երկկողմ հանդիպման ժամանակ լրագրողներին ասել է Թրամփը։

Ըստ նրա՝ ինքը բազմիցս դժգոհություն է հայտնել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գործողություններից և «Հըզբոլլահ» շարժման դեմ Լիբանանում իրականացվող ռազմական գործողությունից։

Թրամփն ավելի վաղ հայտարարել էր նաև, որ Նեթանյահուն պետք է գործի «ավելի պատասխանատու կերպով»։

Ըստ հաղորդումների՝ կողմերի միջև տարաձայնություններն ուժեղացել են այն ֆոնին, որ Լիբանանում «Հըզբոլլահի» դիրքերին իսրայելական հարվածները բարդացնում են ամերիկա-իրանական բանակցությունները։ Իրանը պնդում է, որ հրադադարի մասին ցանկացած համաձայնագիր պետք է հաշվի առնի Լիբանանում տիրող իրավիճակը։

Միաժամանակ Նեթանյահուն խուսափում է Թրամփի հետ հանրային առճակատումից։ Մեկնաբանելով ամերիկա-իրանական բանակցությունները՝ նա հայտարարել է. «Լինում են դեպքեր, երբ նախագահ Թրամփն ու ես համամիտ չենք լինում հայացքներում… Ես պատասխանատու եմ Իսրայելի անվտանգության համար, և ամեն ինչ պետք է արվի ողջամտորեն»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *